Armenian text to speach

Էրդողանը Ֆոն դեր Լայենին և Կոշտային թանկարժեք ատրճանակներ է նվիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպական միության բարձրաստիճան ղեկավարներին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային, նվիրել է փորագրված ատրճանակներ։

Այս մասին հայտնում է POLITICO-ն՝ հղում անելով ԵՄ երկու պաշտոնյաների։

Նվերները, որոնք ներառել են հատուկ ձևավորմամբ ատրճանակներ, դրանց համար նախատեսված փամփուշտներ և մաքրման պարագաներ, Էրդողանը հանձնել է չորեքշաբթի օրը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպումներից հետո։

Եվրոպական խորհրդի ներկայացուցչի խոսքով՝ Անտոնիո Կոստայի անվտանգության ծառայությունը ստացել է զենքը՝ անհրաժեշտ ստուգումներ իրականացնելու համար։

«Մենք կհետևենք Բելգիայի ընթացակարգերին՝ այն Բելգիա տեղափոխելու և այնուհետև Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղարության անվտանգության պահանջներին համապատասխան պահելու համար»,- հայտնել է պաշտոնյան։

Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսնակը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Էրդողանին այդ ժեստի համար։

«Զենքը անվտանգ կտեղափոխվի և կպահվի։ Այն ապակտիվացնելուց հետո նախագահի մտադրությունն է այն նվիրաբերել ռազմական թանգարանին»,- ասել է խոսնակը։

Միաժամանակ ԵՄ պաշտոնյաներից մեկը նշել է, որ այդ բարձրակարգ արարողակարգային ատրճանակները կարող են չհամապատասխանել նվերների արժեքի վերաբերյալ գործող սահմանափակումներին, և հավանական է, որ դրանք անձնական օգտագործման համար չեն պահպանվի։

Նշվում է, որ մյուս եվրոպացի առաջնորդները ևս հայտարարել են, որ չեն պատրաստվում իրենց հետ բերել նվեր ստացած զենքերը։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Քիր Սթարմերը և Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յետենը հայտնել են, որ ատրճանակները կմնան Թուրքիայում՝ ապակտիվացման համար, և միայն դրանից հետո կորոշվի դրանց հետագա ճակատագիրը։

Անի Վարդանյան




Լրահոս