Որոշ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել քրեական արդարադատության անկախության և ուժի իրավաչափ ու համաչափ կիրառման պահանջի վերաբերյալ՝ կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության հետ։
2026թ․ հուլիսի 6-ին տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու մեղադրանքով։ Հաջորդ օրը՝ հուլիսի 7-ի երեկոյան, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկու ամսով կալանքը։
Միանշանակ է, որ ցանկացած անձի վարքագիծ, որը կարող է պարունակել ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, պետք է դառնա քննության առարկա օրենսդրությամբ սահմանված իրավական մեխանիզմների շրջանակներում՝ ապահովելով վարույթում ներգրավված բոլոր անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը և անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը։ Օրենսդրական պահանջ է նաև արդարադատության և իրավապահ մարմինների նկատմամբ քաղաքական ազդեցության բացառումը, օրինականության և անաչառության ապահովումը։
Իրավապահ մարմինների գործողությունները պետք է լինեն իրավաչափ, ենթադրյալ հանցագործությունների քննության շրջանակներում ողջամիտ անհրաժեշտությամբ պայմանավորված և համաչափ՝ միաժամանակ երաշխավորելով անկախության և քաղաքական ազդեցություններից զերծ լինելու բարձր չափանիշներ և հանրային ընկալում։
Այս առնչությամբ, անընդունելի և դատապարտելի ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի տուն մուտք գործելիս ՀՀ ազգային անվտանգության ծառայության դիմակավորված և զինված ծառայողների կողմից նրա նկատմամբ անհարկի անհամաչափ ուժի գործադրումը և գետնին տապալելը այն դեպքում, երբ նրա կողմից որևէ դիմադրություն չէր ցուցաբերվում։
ՀՀ քննչական կոմիտեի կողմից տեսանյութի հանրայնացումը, գնահատելով դրա բովանդակությունը, ձևաչափը և տարածման եղանակը, թույլ է տալիս եզրակացնել, որ պետական մարմնի գործողությունը չի բխել միայն հանրությանը տեղեկացնելու օրինական նպատակից, այլ կրել է անձին հրապարակային նվաստացնելու և ցուցադրաբար պատժելու նպատակ։
Ավելին, նախընտրական քարոզչության ընթացքում ՀՀ վարչապետի հրապարակային հայտարարությունների և դրանց համատեքստի գնահատումը թույլ է տալիս եզրակացնել, որ վիճարկվող գործողությունները չեն կարող դիտարկվել մեկուսացված, այլ պետք է գնահատվեն պետական իշխանության ամենաբարձր մակարդակում հնչեցված հրապարակային ուղերձների ու հրահանգների ընդհանուր համատեքստում։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամրագրում է, որ մարդը բարձրագույն արժեք է ու բացարձակապես արգելում է խոշտանգումը, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ իրավապահ մարմինների հետ հարաբերվելիս ցանկացած ուժի գործադրում, որը խիստ անհրաժեշտ չէ պայմանավորված անձի վարքագծով, նվաստացնում է նրա մարդկային արժանապատվությունն ու խախտում անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը։
Իրավապահ մարմնի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կարող է գործադրվել միայն նախատեսված դեպքերում, այն պետք է լինի իրավաչափ և համաչափ, պիտանի և անհրաժեշտ օրենքով սահմանված իրավաչափ նպատակին հասնելու համար։ Ուժային միջոց գործադրելիս պետք է բացառվի այնպիսի վարքագիծը, որը կարող է նվաստացնել անձի պատիվը և արժանապատվությունը, նրան պատճառել ֆիզիկական կամ հոգեկան տանջանքներ կամ պարունակել խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի տարրեր: Ուժային միջոցները չեն կարող գործադրվել պատժելու կամ վրեժխնդրության նպատակով:
Նույն հրապարակային ուղերձների համատեքստում պետք է գնահատվի նաև տարիներ առաջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում Գագիկ Ծառուկյանին պատկանող վայրի կենդանիների առգրավման և Երևանի կենդանաբանական այգի տեղափոխման գործողությունը։ Այդ միջամտության անհրաժեշտության, համաչափության և իրական նպատակի վերաբերյալ բավարար հիմնավորումների բացակայությունը, դիտարկված գործի ընդհանուր փաստական համատեքստում, թույլ է տալիս կասկածի տակ դնել, որ այն պայմանավորված էր բացառապես քրեական վարույթի օրինական նպատակներով։ Ավելին, տեղափոխման ընթացքում քնեցված առյուծներից մեկի անկման փաստը ենթակա է արդյունավետ, անկախ և ամբողջական քննության:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․
- Հանրային իշխանության ներկայացուցիչներից՝ զերծ մնալ դատական իշխանության և իրավապահ համակարգի մարմինների վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց,
- Քննչական կոմիտեի նախագահ Ա․ Պողոսյանից և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից՝ երաշխավորել, որ քրեական վարույթով իրականացվի անկախ և արդյունավետ քննություն՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջներով՝ երաշխավորելով անկախության և քաղաքական ազդեցություններից զերծ լինելու բարձր չափանիշներ, լիարժեքորեն ապահովել նախաձեռնված վարույթում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը,
- Քննչական կոմիտեից՝ երաշխավորել, որ ենթադրյալ հանցագործությունների քննության ընթացքի մասին հանրությանը մատուցվող տեղեկությունները, այդ թվում՝ տեսանյութերը, չխախտեն վարույթում ներգրավված անձանց իրավունքները` այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը,
- Քննչական կոմիտեից և դատախազությունից՝ քրեական վարույթ նախաձեռնել և արդյունավետ քննություն իրականացնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անհարկի ու անհամաչափ ուժ գործադրելու գործողության շուրջ և պատասխանատվության ենթարկել դրանում ներգրավված Ազգային անվտանգության ծառայության ծառայողներին,
- Ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից՝ իրականացնել իրենց գործառույթները՝ հիմք ընդունելով Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջները՝ բացառելով ոչ իրավաչափ, անհամաչափ և անհարկի ուժի գործադրումը և անձանց իրավունքների խախտումը։
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հելսինկյան ասոցիացիա ԻՀԿ
Արդարության նոր մշակույթ ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Հելսինկյան քաղաղացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն



























