2026 թվականի մայիսի 27-ին Առաջին ատյանի դատարանը Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կալանավորելու որոշում էր կայացրել։
Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հունիս ամսին, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն էր ներկայացրել։
Սպարտակ Ղուկասյանի պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանը հայտնել էր. «Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով»։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա տնային կալանքի տակ գտնվելու ժամանակ իբր կանոններ է խախտել։ Արդյունքում պաշտպանական կողմը որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարան, և դատարանը որոշում է կայացրել Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխել և նրան կրկին տնային կալանք խափանման միջոց կիրառել։
Այս պահին Սպարտակ Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանում է, և մնում է հետևել իրադարձությունների զարգացմանը, թե երբ նրան ԱԱԾ մեկուսարանից տուն կուղարկեն կալանքը կրելու։
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025 թվականի նոյեմբերին։ Այդ օրը ՔԿ-ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։
Քնար Մանուկյան




























