Armenian text to speach

Ղազախստանի և ԱՄՆ-ի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում կողմերը երկկողմ համագործակցությունը և միջազգային հարցեր են քննարկել:

Տոկաևը շնորհավորել է ամերիկյան առաջնորդին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ՝ նշելով, որ համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում երկիրը վերածվել է աշխարհի առաջատար տերություններից մեկի:

Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի իրականացվող «ողջախոհության» քաղաքականությունը համահունչ է «Օրենք և կարգ» սկզբունքի հիման վրա «Արդար Ղազախստան» կառուցելու ռազմավարությանը։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական կապերի և քաղաքական փոխգործակցության զարգացումը։ Տոկաևը նշել է անցյալ տարվա նոյեմբերին Վաշինգտոն կատարած իր այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների առաջընթացը։

Ղազախստանի ղեկավարը նաև վերահաստատել է երկրի դիրքորոշումը միջուկային զենքի տարածման անթույլատրելիության և միջազգային վերահսկողության համակարգի ամրապնդման համար Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության կարևորության մասին:

Բացի դրանից, Տոկաևը դրական է գնահատել ղազախական իշխանությունների վերջին շփումները ԱՄՆ ներկայացուցիչների հետ, ներառյալ՝ հանդիպումները սենատոր Սթիվ Դեյնսի, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սերջիո Գորի և ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչների հետ:

Զրույցի ավարտին Ղազախստանի նախագահը Դոնալդ Թրամփին հրավիրել է իրեն հարմար ժամանակ այցելել Ղազախստան։




Լրահոս