Armenian text to speach

Առուշանյանը մանդատ չի ուզել, մարզպետ կմնա. ինչ ունեցվածք է հասցրել նա «կուտակել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզպետ, ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը օրերս հայտարարեց, որ հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և շարունակելու է պաշտոնավարել որպես Շիրակի մարզպետ։

Դավիթ Առուշանյանը Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի դեկտեմբերի 19-ից։ Մինչ այդ նա եղել է Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ, իսկ 2022 թվականի հոկտեմբերից՝ Ազգային ժողովի պատգամավոր։

Նրա 2021-2025 թվականների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս տարիներին գույքային կառուցվածքը գրեթե չի փոփոխվել․ պահպանվել են նույն անշարժ գույքերը, նվազել է ավտոմեքենաների թիվը, իսկ հիփոթեքային պարտավորությունը տարեցտարի կրճատվել է։

Երկու բնակարան, ավտոկայանատեղի և Գյումրիում օգտագործվող բնակարան

2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Դավիթ Առուշանյանը համատեղ սեփականության իրավունքով հայտարարագրել է երեք անշարժ գույք.

  •  բնակարան Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, ձեռք բերված 2014 թվականի հունվարի 14-ին,
  •  բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ձեռք բերված 2014 թվականի հոկտեմբերի 22-ին,
  • ավտոկայանատեղի Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ձեռք բերված 2014 թվականի նոյեմբերի 18-ին։

Միաժամանակ նա նշել է, որ տարվա ընթացքում ավելի քան 90 օր փաստացի տիրապետել է Գյումրիում գտնվող բնակարանի, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում։

Նույն գույքային կազմը պահպանվել է նաև 2024, 2023, 2022 թվականների հայտարարագրերում, ինչպես նաև 2021 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում։

Nissan-ը վաճառվել է, մնացել է միայն Range Rover-ը

Տրանսպորտային միջոցների մասով փոփոխությունը տեղի է ունեցել 2024 թվականին։

2021-2023 թվականներին Առուշանյանը հայտարարագրել էր երկու ավտոմեքենա՝

  • 2007 թվականի արտադրության Nissan,
  • 2010 թվականի արտադրության Range Rover։

2024 թվականի մարտի 11-ին նա վաճառել է Nissan-ը՝ 3 միլիոն դրամով։

2025 թվականի դրությամբ նրա սեփականության ներքո մնացել է միայն 2010 թվականի արտադրության Range Rover-ը, որը ձեռք է բերել դեռևս 2016 թվականին։

2021 թվականի հայտարարագրում նշված էր նաև, որ նա օգտագործում էր երրորդ անձին պատկանող 2012 թվականի արտադրության Ford ավտոմեքենա, որը հետագա հայտարարագրերում այլևս չի ներկայացվել։

Կանխիկ միջոցները հիմնականում պահպանվել են

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ մարզպետը կանխիկ ունեցել է՝

  • 25 հազար ԱՄՆ դոլար,
  •  10 միլիոն դրամ,
  •  18 հազար եվրո։

2024 թվականի հայտարարագրում կանխիկ միջոցների նույն չափերն էին արձանագրված։

Եթե համեմատենք 2021 թվականի հետ, ապա դոլարային պահուստը նվազել է 37 հազարից մինչև 25 հազար դոլար, դրամական միջոցները՝ 12 միլիոնից մինչև 10 միլիոն դրամ, իսկ եվրոյով խնայողությունները աճել են 16 հազարից մինչև 18 հազար եվրո։

Բանկային հաշիվներում փոփոխություններն ավելի սահմանափակ են եղել։ 2025 թվականին հիմնական հաշվին պահպանվել է 1,5 միլիոն դրամ մնացորդ, իսկ մեկ այլ հաշվին տարվա սկզբի 500 հազար դրամից տարեվերջին մնացել է 200 հազար դրամ։

Աշխատավարձն աճել է պաշտոնների փոփոխությանը զուգահեռ

2025 թվականին Դավիթ Առուշանյանի հայտարարագրված եկամուտը կազմել է 16 միլիոն 450 հազար 157 դրամ, որն ամբողջությամբ ստացվել է Շիրակի մարզպետի աշխատակազմից որպես աշխատավարձ։

Նախորդ տարիներին նրա եկամուտները կազմել են.

  • 2024 թվական՝ 10 միլիոն 532 հազար 296 դրամ, որից 10,3 միլիոն դրամը՝ Ազգային ժողովից, 232 հազար դրամը՝ Շիրակի մարզպետի աշխատակազմից,
  •  2023 թվական՝ 9 միլիոն 702 հազար 420 դրամ՝ ամբողջությամբ Ազգային ժողովից,
  •  2022 թվական՝ 3 միլիոն 686 հազար 821 դրամ՝ Գյումրու համայնքապետարանից և Ազգային ժողովից,
  • 2021 թվական՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում եկամուտ չէր ներկայացվել։

Հիփոթեքային պարտքը տարեցտարի նվազել է

Առուշանյանի հայտարարագրերը ցույց են տալիս, որ նրա հիմնական ֆինանսական պարտավորությունը հիփոթեքային վարկն է, որի մնացորդը յուրաքանչյուր տարի նվազել է։

  •  2021 թվականին՝ շուրջ 30,7 միլիոն դրամ ընդհանուր պարտավորություն,
  •  2022 թվականին՝ 67 հազար ԱՄՆ դոլար հիփոթեք,
  •  2023 թվականին՝ շուրջ 23,5 միլիոն դրամ ընդհանուր պարտավորություն,
  •  2024 թվականին՝ 52,4 հազար ԱՄՆ դոլար հիփոթեք և 250 հազար դրամ այլ պարտավորություն,
  • 2025 թվականին՝ 41 հազար ԱՄՆ դոլար հիփոթեքային վարկ։

Միայն 2025 թվականի ընթացքում վարկի մարմանն ուղղվել է 11,4 հազար ԱՄՆ դոլար, որը հայտարարագրում համարժեք է շուրջ 4,2 միլիոն դրամի։

Բիզնես մասնակցություն չի հայտարարագրել

2021-2025 թվականների հայտարարագրերում Դավիթ Առուշանյանը չի նշել որևէ մասնակցություն առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև չի հայտարարագրել արժեթղթեր կամ ներդրումներ։

Շահերի հայտարարագրում նշված է միայն, որ նա հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Ընդհանուր պատկերը

Վերջին հինգ տարիների հայտարարագրերը ցույց են տալիս, որ Դավիթ Առուշանյանի գույքային վիճակը էական փոփոխությունների չի ենթարկվել։ Նրա սեփականության կազմում անփոփոխ մնացել են Երևանում գտնվող երկու բնակարանն ու ավտոկայանատեղին, 2024 թվականին վաճառվել է Nissan մակնիշի ավտոմեքենան, պահպանվել է Range Rover-ը, իսկ հիմնական փոփոխությունները վերաբերում են աշխատավարձի աճին՝ պայմանավորված պաշտոնների փոփոխությամբ, և հիփոթեքային վարկի մնացորդի աստիճանական նվազմանը։ Միևնույն ժամանակ կանխիկ դրամական միջոցները տարիների ընթացքում պահպանվել են համեմատաբար կայուն մակարդակում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս