«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական կուլիսներում քննարկվում է, թե ով պետք է փոխարինի Ռուբեն Ռուբինյանին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացի պաշտոնում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին դիտարկվող միակ թեկնածուն ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն է, որի թեկնածությունն իշխանությունները մտադիր են առաջադրել։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ Կոստանյանի թեկնածությունը նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նախընտրությունն է, քանի որ նա համարվում է նախարարի ամենավստահելի գործընկերներից մեկը։
Միաժամանակ, մեր տեղեկություններով, թեկնածությունը պետք է ընդունելի լինի նաև թուրքական կողմի համար, ուստի հարցը դեռևս ենթակա է քննարկման նաև նրանց հետ։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել տեղեկությունները նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանից։ Վերջինս, ի պատասխան մեր հարցի, ասաց․ «Նման քննարկում չի եղել»։
Հարցին, թե առաջարկի դեպքում կընդունի՞ արդյոք հայ-թուրքական հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը, Կոստանյանը պատասխանեց․ «Ես արտաքին գործերի նախարարի տեղակալ եմ և կատարում եմ վարչապետի և արտաքին գործերի նախարարի հանձնարարականները»։
ԱԳՆ լրատվության ծառայությունից տեղեկացրեցին, որ նման որոշման մասին իրենց հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանը դարձել է ԱԺ նախագահի թեկնածու, այդ պատճառով չի շարունակելու բանագնացի իր գործունեությունը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




























