Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 16-ի գիշերը երկրի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 375 ուկրաինական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։
Գերատեսչության տվյալներով՝ ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի և Յարոսլավլի մարզերի, ինչպես նաև Մոսկվայի շրջանի, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, Ղրիմի, Ազովի և Սև ծովերի ջրային տարածքների վրա։
Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարի տեղեկացմամբ՝ մարզում, այդ թվում՝ Տագանրոգում և ևս հինգ շրջաններում, գիշերվա ընթացքում խոցվել է շուրջ 25 ԱԹՍ։ Նրա խոսքով՝ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Միաժամանակ Յարոսլավլի մարզի ղեկավար Միխայիլ Եվրաևը հայտնել է, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մեկ տղամարդ զոհվել է, ևս չորս մարդ վիրավորվել։ Նրա խոսքով՝ մարզի երկնքում ընդհանուր առմամբ խոցվել է 19 անօդաչու սարք։
Կուրսկի մարզում էլ, նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնի փոխանցմամբ, Խոմուտովկա բնակավայրի վրա իրականացված անօդաչուների հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է մի կին։ Իսկ Ուչիտելսկի բնակավայրում մեկ տղամարդ վիրավորվել է։
Անի Վարդանյան






















