Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 16-ի գիշերը ռուսական զինված ուժերը խմբային հարված են հասցրել Կիևում և Օդեսայի մարզում գտնվող ռազմական նշանակության օբյեկտներին։
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հարվածների հետևանքով խոցվել են Կիևում գործող ուկրաինական ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք, ըստ ռուսական կողմի, ներգրավված են եղել մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի արտադրության և պահպանման աշխատանքներում։
Գերատեսչության տվյալներով՝ հարվածի տակ են հայտնվել նաև «Ռապիդ» լոգիստիկ ընկերության օբյեկտը և «Կիև-1» ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկության պահեստը, որտեղ, Մոսկվայի պնդմամբ, հավաքվում են «Լյուտի» և «Լելեկա-100» տեսակի անօդաչու թռչող սարքերը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Օդեսայի և Յուժնիի նավահանգիստների ենթակառուցվածքներին, որոնք, ըստ ռուսական կողմի, օգտագործվում են ռազմական նշանակության բեռների և վառելիքաքսուքային նյութերի տեղափոխման ու պահպանման նպատակով։
Բացի այդ, ՌԴ ՊՆ-ի պնդմամբ, խոցվել են դեպի Չեռնոմորսկի նավահանգիստ շարժվող ծովային նավը և Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի արագընթաց նավակը՝ Օձերի կղզու հարակից ջրային տարածքում։
Ռուսական կողմի հաղորդմամբ՝ հարվածների ընթացքում կիրառվել են ցամաքային և օդային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զինատեսակներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։
Ուկրաինական կողմն այս հայտարարությունների վերաբերյալ դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել։
Անի Վարդանյան




























