Armenian text to speach

 Ադրբեջանը հայտարարում է՝ Հայաստանի հետ «իրական խաղաղություն» է, սակայն պահանջում է փոխել Սահմանադրությունը․Reuters

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Reuters գործակալությունը հրապարակել է հոդված, որտեղ նշվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը, ըստ Բաքվի պաշտոնյայի, գտնվում են «իրական խաղաղության» փուլում և վերականգնում են առևտրային կապերը տասնամյակների հակամարտությունից հետո, սակայն Ադրբեջանը շարունակում է պահանջել Հայաստանի Սահմանադրության փոփոխություն՝ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Reuters-ի հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ երկու երկրների միջև խաղաղությունը «միայն թղթի վրա գրված հայտարարություն չէ, այլ իրականություն է»։

Նրա խոսքով՝ դրա վկայություններից մեկը Հայաստանի հետ ուղիղ շփումների և երկկողմ առևտրի աճն է, այդ թվում՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումների ավելացումը։

Միևնույն ժամանակ, Հաջիևը նշել է, որ Բաքուն շարունակում է պնդել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար կարևոր է, որ Հայաստանի իրավական դաշտից վերացվեն այն դրույթները, որոնք Բաքուն ընկալում է որպես տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։

«Այդ հարցի լուծումից հետո մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս խոչընդոտներ չեն լինի»,– Reuters-ին ասել է Հաջիևը։

Reuters-ը հիշեցնում է, որ Հայաստանը և Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հակամարտել են հիմնականում Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Կողմերը նախնական խաղաղության համաձայնության են հասել անցած տարվա օգոստոսին՝ ԱՄՆ միջնորդությամբ։

Գործակալության հրապարակման համաձայն՝ Բաքվի հիմնական մտահոգությունը կապված է Հայաստանի Սահմանադրության նախաբանի հետ, որտեղ հղում կա նախկին՝ խորհրդային շրջանի փաստաթղթի, որը վերաբերում էր Հայաստանի և այն ժամանակ Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի վերամիավորմանը։

Հաջիևը նաև անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցության ծրագրերին՝ նշելով, որ Ադրբեջանը ԱՄՆ-ից ստացել է «լուրջ և դրական ազդանշաններ», որ Վաշինգտոնի աջակցությամբ նախատեսվող տրանսպորտային միջանցքի շինարարությունը կարող է սկսվել այս աշնանը։

Խոսքը «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու» (TRIPP) մասին է։ Reuters-ը գրում է, որ նախատեսվող շուրջ 43 կմ երկարությամբ երթուղին անցնելու է Հայաստանի տարածքով և Ադրբեջանին հնարավորություն է տալու ուղիղ կապ հաստատել Նախիջևանի և Թուրքիայի հետ։

Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ TRIPP նախագիծը պետք է իրականացվի հնարավորինս արագ։ Նա նշել է, որ Ադրբեջանի հարավ-արևմտյան Զանգելանի շրջանում ենթակառուցվածքների շինարարությունը հիմնականում կավարտվի մինչև 2026 թվականի վերջը, որից հետո այն կարող է միացվել Հայաստանի և Թուրքիայի նախատեսվող ենթակառուցվածքներին։

Միաժամանակ Reuters-ը նշում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սահմանադրությունը փոխելու նպատակով հանրաքվե անցկացնելու ցանկության մասին և հայտնել, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս տարվա վերջ։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի հանրաքվե նախաձեռնելու համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը, իսկ ընդդիմության դիրքորոշումը մնում է անորոշ։

Անի Վարդանյան




Լրահոս