Armenian text to speach

Լավրով-Ռուբիո հանդիպումը տևել է կես ժամ․ Մոսկվան հայտնում է՝ նախաձեռնողը եղել է ԱՄՆ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 23-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում, ԱՍԵԱՆ-ի միջոցառման շրջանակում անցկացրել են ավելի քան կես ժամ տևած հանդիպում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ հանդիպման նախաձեռնողը եղել է ամերիկյան կողմը, իսկ ռուսական պատվիրակությունը համաձայնել է առաջարկին։

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Լավրովը Ռուբիոյին ներկայացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ ռուսական կողմի գնահատականը և ընդգծել Ուկրաինային զենքի մատակարարումների շարունակման անթույլատրելիությունը։

Նա նաև վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, ինչպես նաև հավատարմությունը Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններին և այն առաջարկներին, որոնք, ըստ Մոսկվայի, ներկայացվել էին ամերիկյան կողմի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի պայմանների կարգավորման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի թեմաներ, այդ թվում՝ Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը։

ՌԴ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են շարունակել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումները, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում։

Հանդիպումը սկսվել է տեղական ժամանակով ժամը 11:54-ին և ավարտվել 12:31-ին՝ տևելով ավելի քան 30 րոպե։ Լրագրողներին թույլատրվել է միայն հանդիպման մեկնարկին նկարահանել առաջին կադրերը, որից հետո նրանք լքել են բանակցությունների սրահը։ ԱՄՆ լրագրողները փորձել են հարցեր ուղղել Մարկո Ռուբիոյին, սակայն վերջինս չի պատասխանել։

Անի Վարդանյան




Լրահոս