ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան ստորագրել են քաղաքացիական միջուկային ծրագրի զարգացման վերաբերյալ համաձայնագիր, որը հնարավորություն կտա թագավորությանը զարգացնել խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի ոլորտը։
Համաձայնագիրը ստորագրել են ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդուլազիզ բին Սալմանը։ Այն ներառում է նաև միջուկային զենքի չտարածմանն ուղղված երկկողմ անվտանգության երաշխիքներ։
Թրամփի վարչակազմը դեռևս չի հրապարակել համաձայնագրի ամբողջական մանրամասները, սակայն ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փաստաթուղթը կարող է Սաուդյան Արաբիային հնարավորություն տալ ստեղծել ուրանի հարստացման ենթակառուցվածք։
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ համաձայնագրերն արտացոլում են երկու երկրների հանձնառությունը՝ ամրապնդելու ԱՄՆ-Սաուդյան Արաբիա առևտրային հարաբերությունները, ապահովելու տնտեսական բարեկեցություն և դաշնակիցների անվտանգությունը։
Նրա խոսքով՝ համաձայնագրերը համապատասխանում են միջուկային անվտանգության և զենքի չտարածման ամենաբարձր չափանիշներին և հիմնված են ամերիկյան առաջատար տեխնոլոգիաների վրա։
Ուրանի հարստացման տեխնոլոգիան կարող է օգտագործվել ինչպես ատոմակայանների համար վառելիք արտադրելու, այնպես էլ միջուկային զենք ստեղծելու նպատակով։ Այդ պատճառով ԱՄՆ-ում թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատ օրենսդիրների մի մասը մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիայի քաղաքացիական միջուկային ծրագրի վերաբերյալ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, արձագանքելով քննադատությանը, հայտարարել է, որ Վաշինգտոնը չի կնքի որևէ համաձայնագիր, որը կարող է հանգեցնել միջուկային զենքի տարածման վտանգի։
Համաձայնագիրը նախատեսված է 30 տարվա համար և հիմնված կլինի ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վրա։ Միաժամանակ, այն չի ներառում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Լրացուցիչ արձանագրությունը, որը նախատեսում է ավելի լայնածավալ ստուգումներ և վերահսկողություն։
Փաստաթուղթն այժմ կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը։ Թեև ակնկալվում է որոշակի ընդդիմություն, սակայն, քանի որ Հանրապետական կուսակցությունը վերահսկում է Կոնգրեսի երկու պալատները, մեծ է հավանականությունը, որ համաձայնագիրը կհաստատվի։
Համաձայնագրի ստորագրումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ են իրականացրել Իրանի դեմ՝ հիմնավորելով դրանք նաև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մտահոգություններով։ Իրանը, իր հերթին, շարունակում է պնդել, որ իր ուրանի հարստացման ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում։
Անի Վարդանյան
























































































