Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են։ Կողմերի պաշտոնական տվյալներով՝ վերջին մեկ օրում զոհվել է առնվազն 17 մարդ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ուրբաթ Ռուսաստանի իրականացրած հրթիռային հարվածի հետևանքով Կիևի մարզում զոհվել է 6 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Նրա խոսքով՝ դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել էր մայրաքաղաքում պայթյունների մասին և բնակիչներին կոչ արել մնալ ապաստարաններում, քանի որ գործել են հակաօդային պաշտպանության համակարգերը։
Միաժամանակ Սլովյանսկի ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը հայտնել է, որ ռուսական ավիառումբերի հարվածի հետևանքով քաղաքում զոհվել է ևս 5 մարդ, իսկ 9-ը՝ վիրավորվել։
«Ռուսներն ամեն օր հարձակվում են մեր քաղաքների վրա, և արդեն երկրորդ օրն անընդմեջ Սլովյանսկում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։ Կոչ եմ անում առաջնագծի մոտ գտնվող բոլոր բնակիչներին տարհանվել»,- հայտարարել է Ֆիլաշկինը։
Ալ Ջազիրայի թղթակից Օդրի ՄաքԱլփայնը, հաղորդելով Կիևից, նշել է, որ անսովոր է, երբ Ռուսաստանը, հատկապես բալիստիկ հրթիռներով, հարվածներ է հասցնում ցերեկային ժամերին, ինչը նոր միտում է։
Միևնույն ժամանակ Նիկոլաևի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել են նավահանգստային ենթակառուցվածքներն ու երկու քաղաքացիական նավ, սակայն տուժածներ չեն եղել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ իր զորքերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Զախարովկա և Իվաշչինե բնակավայրերի նկատմամբ։ Գերատեսչության պնդմամբ՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացվել է նաև ուկրաինական բանակի կողմից օգտագործվող 27 նավ։
Միևնույն ժամանակ ռուսական Կիրովի մարզում ուկրաինական հրթիռային հարվածի հետևանքով, ըստ մարզպետ Ալեքսանդր Սոկոլովի, զոհվել է 6 մարդ, ևս 26-ը վիրավորվել են։ Հարվածի թիրախում է եղել արդյունաբերական ձեռնարկություն։
Ուկրաինան նաև շարունակել է հարվածները ռուսական Wildberries առցանց առևտրի ընկերության պահեստներին։ Ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը հայտնել է, որ հարձակման են ենթարկվել Սանկտ Պետերբուրգի, Լենինգրադի մարզի և Ղրիմի Սիմֆերոպոլի պահեստները։
Նրա խոսքով՝ հաջողվել է փրկել պահեստների մի մասն ու ապրանքները, իրականացվել է աշխատակիցների արագ տարհանում, և նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական լոգիստիկ ենթակառուցվածքների դեմ գործողությունը շարունակվում է և այն գնահատել է «հաջող»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցած գիշեր հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 571 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնք թիրախավորել էին Ռուսաստանի ավելի քան մեկ տասնյակ շրջաններ, ինչպես նաև բռնակցված Ղրիմը։
Անի Վարդանյան




























