Անի Վարդանյան
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախումները շարունակվում են։ «Ալ Ջազիրայի» փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ հարված են հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան Ալ-Ազրաք ավիաբազային, իսկ Իրանի անօդաչու թռչող սարքերն ուղղվել են նաև Իրաքի Էրբիլ քաղաքի ուղղությամբ։
Էրբիլի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարք էր ընկել օդանավակայանի հարակից տարածքում։ Ավելի ուշ օդանավակայանը վերագործարկվել է։
Միաժամանակ ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ արդեն 13-րդ գիշերն անընդմեջ օդային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Իրանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ պայթյուններ են գրանցվել Խորրամաբադ, Ջասք, Ահվազ, Բանդար Աբբաս քաղաքներում, ինչպես նաև Քեշմ կղզում։
Իրանական աղբյուրների համաձայն՝ Ահվազում ԱՄՆ-ի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ։
Միևնույն ժամանակ Բահրեյնում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Թագավորության պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իրանական հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
Բահրեյնի զինված ուժերը բնակիչներին կոչ են արել զգուշություն ցուցաբերել, չմոտենալ ընկած բեկորներին և դրանց հայտնաբերման դեպքում անմիջապես տեղեկացնել համապատասխան ծառայություններին։
Պաշտոնական Բահրեյնը նաև հայտարարել է, որ Իրանի կողմից հրթիռների և անօդաչուների կիրառումը քաղաքացիական բնակչության և մասնավոր սեփականության դեմ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Քուվեյթը հայտարարել է իրանական մի շարք հրթիռների որսման մասին։