Օրվա սկզբից ի վեր Հորդանանի թագավորական ռազմաօդային ուժերի կործանիչները որսացել են Իրանի կողմից երկրի օդային տարածք մտած վեց անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Այս մասին ասվում է Գլխավոր հրամանատարության խոսնակի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում:
«ԱԹՍ-ների ոչնչացման գործողության ընթացքում որևէ վնաս չի պատճառվել և զոհերի մասին տեղեկություններ չկան», – նշվում է հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ օրվա առաջին կեսին թագավորության երկնքում խոցվել են նաև իրանական յոթ բալիստիկ հրթիռներ:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտնել է Հորդանանում գտնվող Ալ-Ազրաք ռազմական բազայի վրա հարված հասցնելու մասին, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ և ամերիկացի զինծառայողներ:




























