Սոցցանցերում հայտնի բլոգեր Ամելիի շուրջ ծավալված «քոփիի» և կեղծ կոնտենտի վեճը նոր շերտեր է բացահայտում, երբ ուսումնասիրում ենք նրա տեսանյութերի հերոսներին։ Բլոգեր Կամո Թովմասյանի պնդումը, թե Երևանի Պուշկին փողոցում նկարահանվող փողոցային նորաձևության (street style) տեսանյութերը նախապես բեմադրված են, հաստատվում է պարզ տրամաբանությամբ. եթե անցորդները գործում են իրական պատահականության սկզբունքով, գոնե մեկը պետք է շտապեր, հրաժարվեր կամ անհարմար զգար տեսախցիկի առաջ իր հագուստի գները բարձրաձայնելուց։
Իրականում, սակայն, բոլորը ոչ միայն սիրով համաձայնվում են, այլև հայտնվում են հարդարված, իսկ ամենաուշագրավը՝ նրանք բոլորը հանրությանը հայտնի դեմքեր են։
Պուշկին փողոցում իբրև պատահական անցորդ հայտնվածների ցանկը հիշեցնում է հայկական շոու-բիզնեսի, քաղաքական էլիտայի և ինֆլուենսերների շքերթ։ Տեսախցիկի առաջ «պատահաբար» հայտնվածների շարքում են հանրային և քաղաքական ոլորտի դեմքեր, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։
«Պատահական զբոսնողների» մեկ այլ ստվար զանգված են հեռուստատեսության և երաժշտական աշխարհի ներկայացուցիչները։ Նրանց թվում են «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հաղորդավար Հրաչ Մուրադյանը, հայտնի երգիչ Սարո Թովմասյանը, պրոդյուսեր և հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը, շոումեն Արամ Մելիքյանի դուստրը՝ Էլիզ Մելիքյանը։ Հատկանշական է, որ նախագծում հայտնվել է նաև Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած երգիչ ՊԱՐԳ-ի զոքանչը՝ բլոգեր Քրիստինա Շապովսկայանը։
Գործարար աշխարհից ևս հայտնի մասնագետներ չեն խուսափել Պուշկին փողոցի այս տեսախցիկից։ Նրանց շարքում են բրենդինգի, մարքեթինգի և բիզնեսի զարգացման մասնագետ, «Braind» ստեղծագործական ընկերության և «Braind Marketing»-ի հիմնադիր Էդուարդ Խանկանյանը, «Big projects» ընկերության հիմնադիր Դիանա Հարոյանը, ինչպես նաև «Կերոն» զարգացման հիմնադրամի տնօրեն Վանանե Արարքցյանը։
Իհարկե, ցանկն ամբողջական չէր լինի առանց հենց իրենց՝ ինստագրամյան բլոգերների, որոնք, ըստ էության, փոխադարձաբար ապահովում են միմյանց դիտումներն ու ճանաչելիությունը։ «Պատահական անցորդի» դերում հանդես են եկել բլոգերներ Անուշիկ Օհանյանը, Թամարա Հովհաննիսյանը, Անգելա Խաչատրյանը, ինչպես նաև ինստագրամում Lady Ani կեղծանունով հայտնի բլոգերը։
Փաստերը խոսում են այն մասին, որ «Yerevan Street Style» նախագիծը իրական, չպլանավորված փողոցային նորաձևության հետ աղերսներ չունի։ Երբ հայտնի մարքեթոլոգները, թաղապետերը, երգիչներն ու պաշտոնյաների զավակները միաժամանակ, նախապես հարդարված «պատահաբար» հայտնվում են նույն փողոցի նույն կետում՝ պատրաստակամորեն ցուցադրելով իրենց հագուստի արժեքը, հանրության մոտ այլևս կասկած չի մնում՝ բլոգերային այս կոնտենտը ոչ այլ ինչ է, քան լավ բեմադրված տեսահոլովակ։
Անդրադառնալով գաղափարների գողության կամ ուրիշի կոնտենտը «քոփի անելու» մեղադրանքներին՝ հարկ է ընդգծել, որ փողոցում մարդկանց կանգնեցնելու և նրանց հագուստի բրենդներն ու արժեքը հարցնելու ձևաչափը համաշխարհային թրենդ է, սակայն եթե այլ երկրներում այն իրական է և մարդիկ իրոք պատահական մարդիկ են, ապա ՀՀ-ի դեպքում ստացվում է ամեն ինչն է կեղծ։ Ուստի ստացվում է, որ ոչ մեկը մյուսից հեղինակային գաղափար չի գողացել. սա պարզապես միջազգային հայտնի թրենդի տեղայնացում է, որը, սակայն, հայկական իրականության մեջ վերածվել է նախապես պայմանավորված շոուի։
Երևանի սրտում նկարահանվող այս թրենդային հոլովակները վաղուց վերածվել են բացօթյա պայմանավորված տաղավարի, որտեղ «պատահականությունը» մանրակրկիտ պլանավորվում է, իսկ մասնակիցները նախապես գիտեն՝ երբ, որտեղ և ինչ հագուստով են «անսպասելիորեն» հանդիպելու տեսախցիկին։
Սոնա Գրիգորյան




























