Armenian text to speach

Զելենսկին կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի առաջին միջազգային հյուրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկուշաբթի կայցելի Միացյալ Թագավորություն՝ դառնալով երկրի նոր վարչապետ Էնդի Բերնհեմի առաջին միջազգային հյուրը։

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության համաձայն՝ պաշտոնը նախորդ շաբաթ ստանձնած Բերնհեմը հանդիպման ընթացքում կհաստատի, որ Լոնդոնի աջակցությունը Կիևին կմնա «անսասան՝ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո»։

Զելենսկին և Բերնհեմը կայցելեն ռազմածովային բազա, որտեղ կհանդիպեն ավելի քան 200 ուկրաինացի զինծառայողների և նավաստիների հետ, որոնք վերջին երեք շաբաթների ընթացքում Մեծ Բրիտանիայում մասնակցել են Sea Breeze («Ծովային զեփյուռ») անվանումով ծովային անվտանգության և ականազերծման ուսումնական ծրագրին։ Վարժանքների նպատակն է պատրաստել ուկրաինացի զինվորականներին Սև ծովում հնարավոր ապագա գործողություններին։

Հանդիպման ընթացքում Բերնհեմը նաև կհայտարարի, որ Միացյալ Թագավորությունը Ուկրաինային փոխանցում է «Stone Cloak» էլեկտրոնային խլացուցիչների տեխնոլոգիական մտավոր սեփականությունը։ Այս համակարգերը նախատեսված են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքը խափանելու համար։

Այդ որոշումը հնարավորություն կտա Կիևին սեփական արտադրությամբ զանգվածաբար թողարկել այդ սարքերը և կիրառել դրանք ռազմաճակատում։ Լոնդոնի տվյալներով՝ Ուկրաինային արդեն փոխանցվել են պլանշետի չափի հազարավոր նման սարքեր։

«Stone Cloak-ը բրիտանական նորարարության լավագույն օրինակներից է, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը ռազմաճակատում և կարևոր նշանակություն կունենա մեր երկու երկրների անվտանգության պաշտպանության համար»,- հայտարարել է Բերնհեմը։

Նա նաև ընդգծել է, որ «Բրիտանիան Ուկրաինայի կողքին է ուս ուսի տված» և նախազգուշացրել Ռուսաստանին, որ Մոսկվան «չպետք է կասկածի Միացյալ Թագավորության վճռականությանը»։

«Մենք չենք նահանջի, քանի դեռ Ուկրաինայի համար չի ապահովվել երկարատև և արդար խաղաղություն»,- ասել է նա։

Իր հերթին Զելենսկին հայտնել է, որ ակնկալում է «արդյունավետ հանդիպում» և նշել, որ քննարկվելու են տարբեր հարցեր, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությունը։

«Ես ցանկանում եմ Մեծ Բրիտանիայում կառուցել նոր տեխնոլոգիաների վրա հիմնված խոշոր գործարան և այդ տեխնոլոգիաները կիսել մեր գործընկերների հետ։ Մենք պատրաստ ենք մեր ամբողջ փորձը փոխանցել Մեծ Բրիտանիային և հույս ունենք, որ Միացյալ Թագավորությունը նույն կերպ կվարվի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Էնդի Բերնհեմը, որը վերջին տասը տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի յոթերորդ վարչապետն է, հայտարարել է, որ իր նախորդ Քիր Սթարմերի համեմատ ավելի քիչ ժամանակ է հատկացնելու արտաքին քաղաքականությանը՝ առաջնահերթություն տալով ներքին բարեփոխումներին։ Միևնույն ժամանակ, արտաքին գործերի նախարար Էդ Միլիբանդը, ըստ սպասումների, առանցքային դեր կունենա Լոնդոն-Կիև հարաբերությունների հետագա զարգացման գործում։

2022 թվականի փետրվարից ի վեր Միացյալ Թագավորությունը Ուկրաինային տրամադրել է 25 միլիարդ ֆունտ ստեռլինգի աջակցություն, որից 16 միլիարդը՝ ռազմական, իսկ 5,6 միլիարդը՝ ոչ ռազմական օգնություն է։

Անի Վարդանյան



Լրահոս