Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի անունը վերջին տարիներին մշտապես եղել է քաղաքական օրակարգի կենտրոնում։ Սակայն նրա եղբոր՝ Ավետ Կոնջորյանի շուրջ կուտակված փաստերը ևս հանրային ուշադրության արժանի են։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է դատական ակտերը, բիզնես կապերը և վերջին քրեական վարույթների վերաբերյալ հրապարակային տվյալները՝ հասկանալու համար, թե ով է իշխող ուժի ազդեցիկ պատգամավորի եղբայրը և ինչ հարցեր են առաջանում նրա գործունեության շուրջ:
Դատվածություն՝ խարդախության հոդվածով
Ավետ Կոնջորյանի կենսագրության ամենաուշագրավ դրվագներից մեկը վերաբերում է 2010 թվականին կայացված դատավճռին։
«Ժողովուրդ» օրաթերթը Դատական տեղեկատվական համակարգի տվյալներն էր հրապարակել, որ նա մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար։
2010 թվականի հունիսի 17-ին դատարանը նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով 3 տարվա փորձաշրջան։
Այս փաստը առանձնապես ուշագրավ է այն պատճառով, որ խոսքը ոչ թե վարչական խախտման, այլ առանձնապես խոշոր չափերի խարդախության մասին է, ինչը հանրային ընկալման մեջ լուրջ հարցեր է առաջացնում անձի հետագա բիզնես գործունեության վերաբերյալ:
Վարորդական իրավունքից զրկված վիճակում մեքենա վարելու գործը
Կոնջորյանի անունը կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում արդեն 2025–2026 թվականներին։
Հրապարակված դատական նյութերի համաձայն՝ 2025 թվականի հուլիսին նա մեկ տարով զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Սակայն նույն տարվա հոկտեմբերին, ըստ վարույթի նյութերի, նա կրկին վարել է ավտոմեքենա։
Դրա հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որը հետագայում քննվել է «համաձայնությամբ տուգանք» ընթացակարգով։
«Միլոն Ռիելթի» և հարյուր միլիոնների հետքը
Ավետ Կոնջորյանի բիզնես գործունեությունը ևս հետաքրքիր շերտ ունի։
Նա եղել է 2023 թվականին հիմնադրված «Միլոն Ռիելթի» ՍՊԸ-ի տնօրենը և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2026 թվականի հունվարի 5-ը։
Ընկերությունը կապվում է գործարար Բաբկեն Հովակիմյանի և «Միլոն Մայնինգ» ՍՊԸ-ի հետ։ Հենց այստեղ է սկսվում ամենահետաքրքիր հատվածը։
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Կոնջորյանը մասնակցել է Աբովյան համայնքի Առինջ բնակավայրում գտնվող հողամասի օտարման գործարքի ձևակերպմանը, որի արժեքը կազմել է 541 միլիոն դրամ։
Ավետ Կոնջորյանի շուրջ հրապարակային փաստերը ձևավորում են հակասական պատկեր․
- դատվածություն՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության համար,
- նոր քրեական վարույթ՝ վարորդական իրավունքից զրկված վիճակում մեքենա վարելու պատճառով,
- կապեր խոշոր անշարժ գույքի գործարքների և բիզնես կառույցների հետ։
Մինչ իրավապահ մարմինները որևէ նոր գնահատական չեն տվել նրա գործունեությանը, այս պատմությունը շարունակում է մնալ քաղաքական և հանրային հետաքրքրության կարևոր թեմա՝ հատկապես այն պատճառով, որ այն առնչվում է Հայաստանի իշխող քաղաքական ուժի ամենաազդեցիկ դեմքերից մեկի ընտանիքին։
Սոնա Գրիգորյան



























