Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առողջական խնդիրներ և անորոշ ճակատագիր. ի՞նչ է կատարվում Բաքվում պահվող հայերի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում պահվող հայ գերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների հարցը շարունակում է մնալ միջազգային ուշադրության կենտրոնում, սակայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նրանց ճակատագրի վերաբերյալ էական առաջընթաց չի արձանագրվել։

Այս օրերին միջազգային իրավապաշտպան կառույցներն ու նախաձեռնությունները շարունակում են պահանջել Բաքվում պահվող հայ գերիների և կալանավորված անձանց անհապաղ ազատ արձակումը։ Միաժամանակ, Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, հերթական անգամ միջազգային հանրությանը կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել՝ ընդգծելով, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր չէ, քանի դեռ հայ գերիները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։

Միևնույն ժամանակ, մտահոգիչ տեղեկություններ են ստացվում Բաքվում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Նրա փաստաբան Լուսիանա Մինասյանի փոխանցմամբ՝ Մկրտչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է․ նա ունի սրտի լուրջ խնդիրներ, բարձր բորբոքային ցուցանիշներ, հաճախակի գլխապտույտներ և ուշագնացության դեպքեր։ Փաստաբանը հրապարակային դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ պահանջելով առնվազն հնարավորություն տալ Լյուդվիգ Մկրտչյանին կապ հաստատել կնոջ՝ Հրանուշ Շահբազյանի հետ, քանի որ ընտանիքը մեկ ամսից ավելի որևէ տեղեկություն չի ստացել նրա մասին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում շարունակում են պահվել Արցախի Հանրապըտության 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանը, 3-րդ նախագահ Բակո Սահակյանը, 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, Պաշտպան»ւթյան նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, նաև այլ հայ ռազմագերիներ և կալանավորված անձինք։

Վերջին շաբաթվա ընթացքում նրանց վերաբերյալ նոր դատական որոշումների, ազատ արձակումների կամ պաշտոնապես հաստատված այլ զարգացումների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։ Միջազգային կառույցներն ու իրավապաշտպանները, սակայն, շարունակում են պնդել, որ նրանց ազատ արձակման հարցը պետք է մնա միջազգային օրակարգում և ստանա շուտափույթ լուծում։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս