Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնդ դեպարտամենտում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով իշխանությունները տարհանել են 42 հիվանդանոցի բուժանձնակազմին և պացիենտներին։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը։
«Տարհանում է իրականացվել 42 բժշկական հաստատությունում», — ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ տարածաշրջան է ուղարկվել լրացուցիչ 5 միլիոն բժշկական դիմակ։ Ընդհանուր առմամբ հիվանդանոցներից տարհանվել է ավելի քան 4200 մարդ։
Երկրի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհը մարելու համար Ժիրոնդ են ժամանել շուրջ 2500 հրշեջ-փրկարարներ, այդ թվում՝ Շվեյցարիայից։ Նրանց աջակցում են 1500 ֆրանսիացի զինծառայողներ և 1200 ոստիկաններ, որոնք ապահովում են բնակչության տարհանումը և հետևում անվտանգությանը տարերային աղետի գոտում։























































































