Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող առանձին ապրանքների համար փոխհատուցումը օգոստոսին ևս տրամադրել։
Բացի այդ, արտահանման շուկաներում միջոցառման շրջանակներում փոխհատուցվող ապրանքների մասով մրցունակություն ապահովելու համար տնտեսավարողների առաջարկությամբ օգոստոս ամսին փոխհատուցում տրամադրվող ապրանքների ցանկը լրացվել է պալերմո տեսակի պղպեղով և սմբուկով։ 2026 թ. հունիսի 1-ից մինչև հուլիսի 23-ն արտահանվել է շուրջ 1526 տոննա պղպեղ, 770 տոննա լոլիկ, 213․4 տոննա ելակ, շուրջ 5․8 մլն հատ և 58 տոննա ծաղիկ, որից հուլիսին՝ 23-ի դրությամբ արտահանվել է շուրջ 742 տոննա պղպեղ, 562 տոննա լոլիկ, 104․4 տոննա ելակ, շուրջ 2․3 մլն հատ և 23 տոննա ծաղիկ։ Հունիսի 1-ից մինչև հուլիսի 23-ն ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը, ծաղիկներ են արտահանվել 26, միրգ՝ 19, իսկ բանջարեղեն՝ 8 երկիր։ Հիմնավորման համաձայն, նկատի ունենալով, որ այլ շուկաներ արտահանելու ուղղությամբ տնտեսավարողների կողմից իրականացվել են ակտիվ բանակցություններ, որոնց արդյունքում առաջիկայում ակնկալվում են արտահանման ծավալների աճ, իսկ բանակցությունների ընթացքում գնառաջարկները կատարվում են հաշվի առնելով նաև տրամադրվող փոխհատուցման չափերը, նպատակահարմար է համարվում փոխհատուցում տրամադրել նաև օգոստոս ամսվա համար։ Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թ. օգոստոս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 150 տոննա ելակ, շուրջ 4100 տոննա բանջարեղեն և շուրջ 5․2 մլն հատ ծաղիկ։
Ըստ այդմ՝ օգոստոս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքներ արտահանող տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝
1) ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ
2) լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ
3) չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ
4) պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ
5) պալերմո տեսակի պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 500 ՀՀ դրամ
6) սմբուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ
7) ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ
8) Եվրոպական Միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանված ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 50 ՀՀ դրամ։
Միջոցառման շրջանակում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ օդային ճանապարհով արտահանվող ապրանքների մասով փոխհատուցման տրամադրման փաստաթղթերն ամբողջականացնելու նպատակով պահանջվող փաստաթղթերի ցանկը լրացվել է օդային փոխադրումը հիմնավորող փաստաթղթով (Air Waybill)։


















































































