Armenian text to speach

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավորության թագավոր Մուհամմադ VI –ին՝ գահակալության 27-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է.

«Ձերդ Արքայական Մեծություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ գահակալության 27-րդ տարեդարձի առիթով։

Հայաստանը բարձր է գնահատում Ձեր իմաստուն և խորաթափանց տեսլականը, ինչի շնորհիվ Մարոկկոն անցած տարիներին արձանագրել է մեծ հաջողություններ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում՝ դառնալով տարածաշրջանային և միջազգային կարևոր դերակատար։

Մենք գնահատում ենք Ձեր անձնական ներդրումը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում, որի համատեքստում առանձնակի նշանակություն ենք տալիս 2007 թվականի ապրիլին ՄԱԿ ներկայացրած Մարոկկոյի նախաձեռնությանը Սահարայի խնդրի վերաբերյալ՝ այն համարելով իրատեսական քաղաքական լուծում, որի ճանապարհին հանգրվանային եղավ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունված ՄԱԿ ԱԽ 2797 բանաձևը: Կարծում ենք, որ այն ճանապարհ կհարթի Մարոկկոյի Թագավորության տարածքային ամբողջականության ամրապնդման և տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ գոյակցության ու բարգավաճման համար:

Ձերդ Արքայական Մեծություն, օգտվելով այս պատեհ առիթից, ուրախությամբ արձանագրում եմ, որ Հայաստանի և Մարոկկոյի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Միևնույն ժամանակ, առկա է մեծ ներուժ, ինչը, համոզված եմ, մեր համատեղ ջանքերով կկարողանանք իրացնել մոտ ապագայում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մարոկկոյի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:




Լրահոս