Ընդդիմադիր գործիչ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նոր գումարման խորհրդարանում չի լինի։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է պաշտոնաթող պատգամավորի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրերը՝ հասկանալու համար, թե ինչ ունեցվածքով է նա խորհրդարանոմ 2018 թվականին և ինչ ֆինանսական պատկեր ունի 2025 թվականին՝ մանդատը վայր դնելու շեմին։
2018 թվական. Մուտք խորհրդարան
2018 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցելիս Արմեն Ռուստամյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել հայտարարագիր, ըստ որի՝ նրան էր պատկանում Երևանի Ա․ Ահարոնյան փողոցում գտնվող 98,5 քառակուսի մետր մակերեսով մեկ բնակարան։ Այդ ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել էին մոտ 8 միլիոն 958 հազար դրամ, որը գոյացել էր Ազգային ժողովի աշխատավարձից և տրված փոխառություններից։ Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմում էին 35 միլիոն դրամ, 16 հազար դոլար և 10 հազար եվրո։
2021 թվական. Նոր մանդատ, նոր ավանդներ
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավորական մանդատ ստանձնելիս պատկերը որոշակիորեն հստակեցվել էր։ Նա հայտարարագրել էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բնակարան, որը նվիրատվությամբ ստացել էր դեռևս 2011 թվականին։ Փաստացի օգտագործման իրավունքով նա տիրապետում էր նաև ավտոտնակի և 2012 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենայի։ 2021-ին Ռուստամյանը նաև բաժնետոմսեր էր ձեռք բերել 1,5 միլիոն դրամով։ Նրա բանկային ավանդները կազմել էին ընդհանուր 30 միլիոն դրամ և 5 հազար դոլար։ Տարեվերջին նրա կանխիկ միջոցները աճել էին՝ հասնելով 15 հազար դոլարի, 10 հազար եվրոյի և 3,7 միլիոն դրամի, իսկ ընդհանուր եկամուտը գերազանցել էր 6,7 միլիոն դրամը։
2022 թվական. Ավտոմեքենան որպես նվեր և ֆինանսական աճ
2022 թվականին Արմեն Ռուստամյանի անշարժ գույքը մնացել էր անփոփոխ, սակայն նա որպես նվիրատվություն անձամբ ստացել էր այն նույն 2012 թվականի Toyota մակնիշի ավտոմեքենան, որը նախկինում միայն փաստացի շահագործում էր։ Նրա բանկային ավանդներն աճել էին՝ հասնելով 36 միլիոն դրամի և 5 հազար դոլարի։ Ավելացել էին նաև կանխիկ միջոցները՝ դառնալով 22 հազար դոլար, 4,1 միլիոն դրամ և 18 հազար եվրո։ Տարվա եկամուտը կազմել էր մոտ 9,1 միլիոն դրամ, որը հիմնականում գոյացել էր աշխատավարձից և բանկային տոկոսներից։
2023 թվական. Կայուն եկամուտների ավելացում
Հաջորդող՝ 2023 թվականին շոշափելի գույքային փոփոխություններ չէին արձանագրվել. նա պահպանել էր բնակարանն ու նվեր ստացած ավտոմեքենան։ Փոխարենը շարունակել էին աճել եկամուտները՝ հասնելով 13,6 միլիոն դրամի։ Ավանդների ընդհանուր ծավալը մնացել էր նույնը՝ 36 միլիոն դրամ և 5 հազար դոլար, իսկ կանխիկ միջոցները կազմել էին 4 միլիոն դրամ, 22 հազար դոլար և 18 հազար եվրո։ Զուգահեռաբար, զգալիորեն աճել էին նրա բանկային հաշիվների մնացորդները։
2024 թվական. Խոշորացող ավանդներ
2024 թվականին Արմեն Ռուստամյանի ֆինանսական միջոցները կրկին ավելացել էին։ Նրա բանկային ավանդների ծավալն աճել էր ևս 4 միլիոն դրամով՝ հասնելով 40 միլիոն դրամի և 5 հազար դոլարի։ Կանխիկ գումարները նույնպես վերընթաց աճ էին գրանցել՝ հասնելով 30 հազար դոլարի, 4,3 միլիոն դրամի և 20 հազար եվրոյի։ Այս տարում նրա ընդհանուր եկամուտը կազմել էր 14,6 միլիոն դրամ, որի մեջ, բացի աշխատավարձից ու տոկոսներից, արդեն ներառվել էր նաև կենսաթոշակ։
2025 թվական. Նոր ավտոմեքենա և ռեկորդային եկամուտ
Արդեն 2025 թվականին՝ պատգամավորական մանդատի ավարտական փուլում, Արմեն Ռուստամյանը թարմացրել է իր ավտոպարկը։ Մարտ ամսին նա 3 միլիոն 900 հազար դրամով վաճառել է 2012 թվականի արտադրության Toyota-ն և դրան հաջորդող օրերին 6 միլիոն դրամով գնել նոր՝ 2024 թվականի արտադրության Hyundai մակնիշի ավտոմեքենա։ Նրա բանկային ավանդները ևս աճել են. դրամային ավանդներից մեկը 10 միլիոնից դարձել է 12 միլիոն դրամ։ Կանխիկ միջոցները նույնպես հասել են առավելագույնի՝ 35 հազար դոլար, 4,5 միլիոն դրամ և 20 հազար եվրո։ 2025 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 17,4 միլիոն դրամ՝ գոյանալով աշխատավարձից, կենսաթոշակից և տարբեր բանկերում ունեցած ավանդների դիմաց ստացված ավելի քան 3,5 միլիոն դրամ տոկոսներից։
Ամփոփելով այս տարիների դինամիկան՝ կարող ենք արձանագրել, որ ընդդիմադիր պատգամավորի հիմնական անշարժ գույքը մնացել է անփոփոխ, սակայն խորհրդարանական գործունեության տարիներին կայուն և անընդմեջ աճել են նրա թե՛ բանկային ավանդները, թե՛ կանխիկ դրամական միջոցները և թե՛ տարեկան ստացվող եկամուտները։ Այժմ նա նոր խորհրդարան չի անցնում ֆինանսական զգալիորեն ավելի կայուն դիրքերով, քան 2018 թվականին էր։
Սոնա Գրիգորյան



























