Քաթարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շարունակվում են դիվանագիտական ջանքերը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Գերատեսչության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին նշել է, որ միջնորդ երկրները սերտ համագործակցում են կողմերի հետ՝ բանակցությունները վերսկսելու և առաջարկների փոխանակումն ապահովելու նպատակով։
Նրա խոսքով՝ այս պահին գլխավոր նպատակը տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելն է, վերաբացել Հորմուզի նեղուցը և վերականգնել դիվանագիտական գործընթացը։ Ալ-Անսարին ընդգծել է, որ Քաթարը գործընկերների և հակամարտող կողմերի հետ աշխատում է դիվանագիտական լուծման հասնելու ուղղությամբ։
Միաժամանակ, բրիտանական Vanguard ծովային անվտանգության ընկերությունը հայտնել է, որ Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, հարվածի է ենթարկվել առևտրային նավ։ Նախնական տվյալներով՝ անձնակազմի մեկ անդամ անհետ կորել է։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ համաձայնություն կարող է ձեռք բերվել արդեն առաջիկա երկու օրվա ընթացքում։
«Մենք բանակցում ենք իրանցիների հետ և կարծում եմ, որ այսօր կամ վաղը կարող ենք համաձայնության հասնել՝ վերաբացել նեղուցը և այս հակամարտությունը տեղափոխել ավելի բնականոն հուն», – ասել է Բեսենթը։
Նա նաև նշել է, որ հնարավոր համաձայնությունը կապահովի նեղուցով նավերի ազատ տեղաշարժը՝ առանց որևէ վճարի սահմանման։
Միևնույն ժամանակ, Հորդանանը միացել է Քաթարի, Թուրքիայի և Եգիպտոսի հայտարարություններին՝ դատապարտելով Իսրայելի կողմից Գազայի հատվածում հրադադարի շարունակական խախտումները։ Ամմանը կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության անխոչընդոտ մուտքը Գազա և լիարժեք պաշտպանություն տրամադրել խաղաղ բնակիչներին, բուժհաստատություններին և մարդասիրական առաքելությունների աշխատակիցներին։
Անի Վարդանյան
























































































