Գերեզմանափոս փորելիս սպանել է համագյուղացուն և դիակը նետել ձորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 2013թ. հուլիսի 9-ին՝ ժամը 20-ի սահմաններում, սարսափելի սպանություն է տեղի ունեցել:

Նույն գյուղի բնակիչներ 58-ամյա Պետրոս Գրիգորյանը և 68-ամյա Ռաֆիկ Հակոբյանը գերեզմանատանը հանգուցյալ Իշխան Նիկողոսյանի գերեզմանափոսը փորելիս վեճի են բռնվել ընթացքում իրենց միացած Սիմոն Բաբայանի հետ:

Առաջացած վեճը եզրափակվել է Բաբայանի սպանությամբ:

Գրիգորյանն իր ձեռքում եղած երկծայր մետաղյա բրիչով /քլունգով/ և ոտքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ս. Բաբայանի գլխի և մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:

Իսկ Ռ. Հակոբյանն օգնել է Պ. Գրիգորյանին դին տեղափոխել գերեզմանատնից մոտ 400 մետր հեռավորության վրա գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտ, և  Ս. Բաբայանի դին միասին նետել են ջրանցքը:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, և այն այժմ գտնվում է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Եղվարդի նստավայրում` դատավոր Յուրի Բաղդասարյանի վարույթում:

Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Պետրոս Գրիգորյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական հոդվածի չափանիշների համաձայն` սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը պատժվում է ազատազրկմամբ` 6-12 տարի ժամկետով:

Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, և նա այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Իսկ Ռաֆիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Քրհոդվածի չափանիշների համաձայն` Հակոբյանի իրագործած անօրինական արարքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Տաթև Հարությունյան




Լրահոս