Armenian text to speach

Ռուսական հարձակման ժամանակ Ուկրաինան չի խոցել արձակված հրթիռներից ոչ մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չորեքշաբթի կոչ է արել դաշնակիցներին արագացնել հակահրթիռային պաշտպանության միջոցների մատակարարումները այն բանից հետո, երբ ռուսական հարվածների հետևանքով Կիևում և հարակից շրջաններում առնվազն 17 մարդ է զոհվել։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերային զանգվածային հարձակման ընթացքում երկիրը չի կարողացել խոցել ռուսական արձակված որևէ հրթիռ։ Ռուսական բանակը կիրառել է 115 անօդաչու թռչող սարք և արձակել 28 գերարագ հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ։

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում զգացվում է հակաբալիստիկ պաշտպանության միջոցների լուրջ պակաս։

Զելենսկին նշել է, որ հարձակման հիմնական թիրախը եղել են քաղաքացիական ձեռնարկությունների պահեստները, ինչպես նաև ենթակառուցվածքային օբյեկտներն ու երկաթուղային կայանը։

«Հակաբալիստիկ հրթիռներ որսալու համակարգերը կարող էին փրկել այսօր զոհված մարդկանց կյանքերը։ Շատ կարևոր է, որ գործընկերները հասկանան՝ դրանց մատակարարումների ուշացումը կամ չտրամադրելը հանգեցնում է նման ծանր հետևանքների և ավերածությունների»,– գրել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ ամենաշատ զոհերը գրանցվել են Կիևի մարզի Բրովարի շրջանում՝ Կվիտնևա երկաթուղային կայարանի մոտ։ Զոհերից 8-ը մարդիկ են եղել, որոնք չէին հասցրել նստել ուշացած վերջին գնացքը և մնացել էին հարթակում։

Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին հայտարարել է, որ ռուսական հարվածները չեն թիրախավորել ռազմական օբյեկտներ, այլ ուղղված են եղել քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։

«Այս հարվածները ռազմական նպատակ չունեն․ սա ահաբեկչություն է»,– ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը նպատակաուղղված հարվածում է միլիոնավոր մարդկանց սպասարկող ձեռնարկություններին։

Հարձակման հետևանքով վնասվել կամ ավերվել են մի շարք խոշոր ուկրաինական ընկերությունների օբյեկտներ, այդ թվում՝ DIY ոլորտի խոշոր ընկերություն Epicentr-ի, առցանց առևտրի խոշոր հարթակ ROZETKA-ի և մասնավոր փոստային-սուրհանդակային ծառայություն Nova Poshta-ի ենթակառուցվածքները։

Nova Poshta ընկերությունը հայտնել է, որ Կիևի տեսակավորման կենտրոնի վրա հարձակման ժամանակ ռուսական ուժերը կիրառել են կասետային զինամթերք։

Silpo սուպերմարկետների ցանցը հայտնել է, որ բաշխման երկու կենտրոններում բռնկված հրդեհների հետևանքով զոհվել է իր վեց աշխատակից։

Բացի այդ, երեքշաբթի մեկ այլ օդային հարվածի հետևանքով ռուսական ուժերը ոչնչացրել են պահեստային համալիր, որտեղ պահվում էին ուկրաինական Lasunka պաղպաղակի արտադրողի ապրանքները։

Անի Վարդանյան



Լրահոս