Armenian text to speach

Ադրբեջանը գործնական քայլերով է ապացուցել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին իր հանձնառությունը․ Հաջիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չի սահմանափակվում միայն հայտարարություններով, և Բաքուն գործնական քայլերով է ապացուցել խաղաղության նկատմամբ իր հանձնառությունը։

Թուրքական Milliyet թերթին տված հարցազրույցում Հաջիևը նշել է, որ, իր պնդմամբ, «չնայած Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացված ցեղասպանությանը», Բաքուն ընտրել է բացառապես խաղաղության ճանապարհը։

«Այսօր Հարավային Կովկասում խաղաղություն է տիրում։ Եթե հայ-ադրբեջանական պատերազմը շարունակվեր, ապա մեր հարևան երկրներում ընթացող հակամարտությունների կայծերը կարող էին տարածվել նաև մեր տարածաշրջանում»,– ասել է նա։

Հաջիևը դրական է գնահատել նաև Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից առաջ քաշված «Իրական Հայաստանի» հայեցակարգը՝ նշելով, որ հայկական կողմը, իր գնահատմամբ, ընդունել է նոր աշխարհաքաղաքական իրողությունները և իր քաղաքականությունը ձևավորում է այդ ուղղությամբ։

«Նրանք հասկացել են, որ երկար տարիներ իրականացված օկուպացիոն քաղաքականությունը հենց իրենց էր պահում պատանդի կարգավիճակում և գիտակցել են այդ ճանապարհի սխալ լինելը։ Այժմ Հայաստանը հասկանում է, թե որքան կարևոր են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները սեփական զարգացման համար»,– հայտարարել է Հաջիևը։

Նա նաև անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ պնդելով, որ դրա բացումը նոր աշխարհաքաղաքական իրականության մաս է և բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերից։

«Հայաստանը նույնպես հասկանում է, որ տարածաշրջանում տարանցիկ հնարավորությունների առկայությունը կարևոր է իր զարգացման համար»,– ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Անի Վարդանյան




Լրահոս