Armenian text to speach

Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել հարևան երկրի դեմ․ Հաջիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել հարևան երկրի դեմ գործողությունների համար։

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Հաջիևը նշել է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը չափազանց բարդ է։

«Բաքվից մոտ 200 կմ հարավ ընթանում է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պատերազմը, իսկ 200 կմ հյուսիս շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը»,– ասել է նա։

Անդրադառնալով այն պնդումներին, թե Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել «Մոսադի» կողմից, Հաջիևը նշել է, որ պաշտոնական Բաքուն Իրանը համարում է եղբայրական երկիր։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար հիմնարար սկզբունքներ են տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

«Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել հարևան երկրի դեմ միջամտության համար։ Մենք բարոյական պարտք ունենք այնտեղ ապրող մարդկանց նկատմամբ։ Արաքսի մյուս կողմում ապրող մարդիկ, անկախ նրանց ազգային պատկանելությունից և կրոնից, մեր եղբայրներն են։ Ինչպե՞ս կարող էինք դա թույլ տալ»,– ասել է Հաջիևը։

Նա նաև հայտարարել է, որ նման սցենարը տեխնիկապես ևս անհնար է՝ ընդգծելով, որ Իսրայելից Ադրբեջան հասնելու համար պետք է անցնել Թուրքիայի տարածքով, իսկ «ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը նման բան թույլ չեն տա»։

Հաջիևը եզրափակել է, որ Ադրբեջանի տարածքի օգտագործման վերաբերյալ նման պնդումները «կեղտոտ քարոզչության տարրեր» են պարունակում։

Անի  Վարդանյան



Լրահոս