Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է ռուսական բանակի վերջին հարվածները Կիևի և հարակից շրջանների վրա՝ հայտարարելով, որ Եվրամիությունն ու նրա գործընկերները կուժեղացնեն ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։
X սոցիալական հարթակում հրապարակված գրառմամբ Մակրոնը ռուսական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակումներն անվանել է անընդունելի։
«Հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացվող այս ահաբեկչական քաղաքականությունն անընդունելի է»,– գրել է Ֆրանսիայի նախագահը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նոր հարձակում ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի իր ագրեսիայի համար։
«Աջակցելով Ուկրաինային՝ մենք չենք տրվի ո՛չ հոգնածությանը, ո՛չ էլ սպառնալիքներին»,– նշել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Եվրամիությունն ու իր գործընկերները կուժեղացնեն Ռուսաստանի նկատմամբ ճնշումը, այդ թվում՝ նոր պատժամիջոցների կիրառման միջոցով, ինչպես նաև կընդլայնեն Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը, որպեսզի այն կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը։
Անի Վարդանյան




























