Armenian text to speach

ՔՊ-ն առաջարկում է ստեղծել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով․ եվրոպական պարտավորություններ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրները տեղեկացրեցին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը։

Նախագծի համաձայն՝ նախատեսվում է ստեղծել 10 անդամից բաղկացած Էթիկայի հանձնաժողով, որի գործունեության ժամկետը կլինի երկու տարի։ Հանձնաժողովում հինգ անդամ նշանակելու իրավունք կունենա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, երեքը՝ «Ուժեղ Հայաստան»-ը, երկուսը՝ «Հայաստան» խմբակցությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախաձեռնությամբ նախատեսվում է նաև հանձնաժողովի ղեկավարության պարբերական ռոտացիա։ Սկզբնական փուլում նախագահի պաշտոնը կվերապահվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իսկ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը՝ «Ուժեղ Հայաստան»-ին։ Այնուհետև յուրաքանչյուր վեց ամիսը մեկ նախագահի և տեղակալի պաշտոնների նշանակման իրավունքը կփոխանցվի տարբեր խմբակցությունների՝ ապահովելով քաղաքական ուժերի հերթափոխը հանձնաժողովի ղեկավար կազմում։

Նախագիծը հիմնվում է ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 19.1-րդ հոդվածի դրույթների վրա։

Նկատենք, որ պատգամավորական էթիկայի հանձնաժողովի առկայությունը նաև համապատասխանում է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում ստանձնած ինստիտուցիոնալ պարտավորություններին։ Եվրոպական խորհրդարանական պրակտիկայում էթիկայի հանձնաժողովները կոչված են վերահսկելու պատգամավորների վարքագծի կանոնների պահպանումը, քննելու պատգամավորների նկատմամբ ներկայացված էթիկական բողոքները և, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնելու օրենքով նախատեսված ընթացակարգեր։

Քաղաքական դաշտում վաղուց են հնչում տեսակետներ, որ նման հանձնաժողովի բացակայությունը թույլ չի տվել ինստիտուցիոնալ գնահատական տալ մի շարք աղմկահարույց միջադեպերի, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց թիկնազորին բռնել քաղաքացու ձեռքերը, թքեց քաղաքացու վրա, ինչպես նաև իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ «լեզու, ականջ կտրելու» հայտարարության հետ կապված սկանդալը։ Քննության դեպքում, օրենքով նախատեսված հիմքերի առկայությամբ, պետք էր դիմել Սահմանադրական դատարան՝ պատգամավորին մանդատից զրկելու համար։

Եթե նախագիծն ընդունվի, Հայաստանի Ազգային ժողովում երկար ընդմիջումից հետո կրկին կգործի պատգամավորական էթիկայի հարցերով մշտապես աշխատող ինստիտուցիոնալ մեխանիզմ, որը կոչված կլինի բարձրացնելու խորհրդարանական քաղաքական մշակույթի և հաշվետվողականության մակարդակը։

Միայն թե նախագծից չի երևում՝ ովքեր կարող են դիմել այդ հանձնաժողովին, ինչպես պետք է քննվի, ինչ պատիժներ կարող են սահմանվել էթիկան խախտող պատգամավորների նկատմամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս