Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի առևտրային նավարկության վերաբերյալ համաձայնության նախագիծը մոտ է ավարտին, սակայն այն ինքնաբերաբար չի նշանակի ռազմավարական ջրուղու բացում։ Թեհրանը պահանջում է, որ նախ ԱՄՆ-ը կատարի իր ստանձնած պարտավորությունները։
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ Թեհրանը բանակցություններ է վարում Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցի կառավարման և նավագնացության հարցերի շուրջ։ Միաժամանակ Իրանը հերքում է, որ ուղիղ բանակցություններ է անցկացնում Վաշինգտոնի հետ։
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին նշել է, որ Իրանը և Օմանը մոտ են առևտրային նավերի անցման վերաբերյալ առաջարկվող շրջանակային համաձայնության վերջնականացմանը, սակայն ընդգծել է, որ այդ փաստաթուղթը չի նշանակում, որ նեղուցը անմիջապես կվերաբացվի։
Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի վերահսկողության ներքո փետրվարի 28-ին Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե նեղուցը շուտով չբացվի, ապա Իրանը «շատ ծանր հարվածի» կենթարկվի։
Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ Իրանի հետ համաձայնության հասնելու բանակցությունները «խառնաշփոթ» կլինեն՝ հավելելով, որ Թեհրանի քաղաքական համակարգը բարդ է և մասնատված։
Լարվածությունը պահպանվում է նաև տարածաշրջանի այլ հատվածներում։ Վերջին օրերին Կարմիր ծովի Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտ գրանցվել է առնվազն երկու հարձակում նավերի ուղղությամբ՝ կապված Իրանի աջակցությունը վայելող հութիների կողմից նավագնացության դեմ հնարավոր գործողությունների մտահոգությունների հետ։
Միաժամանակ ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող Իսրայելի և Լիբանանի բանակցությունները չորեքշաբթի ավարտվել են նախատեսվածից շուտ՝ հարավային Լիբանանում իսրայելական նոր հարվածների ֆոնին։
Անի Վարդանյան






















