Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները «դիվերսիֆիկացիա» բառի տակ թաքցնում են եվրասիական ինտեգրումից և Ռուսաստանից հրաժարվելու, ինչպես նաև դեպի Եվրամիություն շրջվելու քաղաքականությունը։
«Չպետք է շփոթել հասկացությունները, քանի որ եթե «դիվերսիֆիկացիա» գեղեցիկ բառի տակ թաքցվում է շրջադարձը եվրասիական ինտեգրումից և ավանդական դաշնակցից դեպի, ըստ էության, Ռուսաստանի նկատմամբ բացահայտ թշնամական Եվրամիություն, որը լրջորեն քննարկում է Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման հնարավորությունը, ապա այստեղ եզրակացությունն ակնհայտ է», – ճեպազրույցում ասել է Ֆադեևը՝ մեկնաբանելով Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները։
Նա այս մոտեցումն անվանել է «բացահայտ խաբեություն» ոչ միայն եվրասիական ինտեգրման գործընկերների, այլև Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Նրա խոսքով՝ դեպի Եվրոպա «ցատկի» սոցիալ-տնտեսական հետևանքները թաքցվում են հայ հասարակությունից, իսկ արտահանման հետ կապված ներկայիս խնդիրները ներկայացվում են որպես Մոսկվայի սահմանափակումների արդյունք։
«Դրանք մեր սահմանափակումները չեն, այլ այն իրականությունը, որին կհանդիպի հանրապետությունը, եթե խզի ավանդական կապերը», – ընդգծել է ռուս դիվանագետը։
Ֆադեևը նաև նշել է, որ Երևանի և արևմտյան երկրների միջև ստորագրված համագործակցության հռչակագրերը «իրավաբանորեն պարտադիր ուժ չունեն», ի տարբերություն ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի։
Նա հիշեցրել է, որ դեռևս 2024 թվականին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցում գրել էր, թե Արևմուտքի համար Հայաստանը «ցածր ծախսատար նախագիծ» է։




























