Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգում:
Ըստ նոր փոփոխության՝ այսուհետ տրանսպորտային փոխհատուցում կստանան ոչ միայն ազգային փոքրամասնությունների լեզուները որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչները, այլև ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումը խմբակային ձևաչափով իրականացնող խմբակավարները:
Նոր իրավակարգավորմամբ նախատեսվում է ստեղծել հավասար պայմաններ ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող ուսուցիչների և խմբակավարների համար, ապահովել ուսուցման առավել հասանելի և շարունակական կազմակերպում, խթանել համապատասխան մասնագետների ներգրավվածությունը տարբեր բնակավայրերում, նպաստել ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանմանն ու զարգացմանը:
Մյուս փոփոխությամբ այլ բնակավայրից նորակառույց ուսումնական հաստատություն` կրթահամալիր, հաճախող սովորողները ևս կընդգրկվեն ծրագրում՝ ստանալով օրական 2000 դրամի չափով փոխհատուցում: Ըստ այդմ՝ կապահովվի ՀՀ Կառավարության «300-500 դպրոցների և մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման» ծրագրի շրջանակում ստեղծվող կրթահամալիրների հասանելիությունը հարակից բնակավայրերի սովորողների համար: Փոխհատուցման մեխանիզմը կնպաստի հաստատությունների արդյունավետ գործունեությանը, սովորողների կանոնավոր հաճախելիության ապահովմանը, կրթության ընդգրկվածության մակարդակի բարձրացմանը և կրթության տարածքային անհավասարությունների նվազեցմանը։
2026 թվականի հունիսի դրությամբ արդեն իսկ ավարտվել և շահագործման է հանձնվել 29 կրթահամալիր, որոնք հարակից բնակավայրի երեխաների համար ևս կապահովեն կրթական ծառայությունների իրականացում: Մինչև 2026 թվականի ավարտն այս հաստատությունների ցանկն էականորեն կավելանա:
























































































