Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների ավարտական փուլի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ռուսաստանը իր առևտրային նավերի զավթմանը հայելային պատասխան կտա ոչ միայն նույն ջրային տարածքներում, այլև ցանկացած վայրում, այդ թվում՝ Խաղաղ օվկիանոսում»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաև հայտարարել է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հակամարտային ներուժի աճի մասին։
«Անդին ներթափանցում է ՆԱՏՕ-ն, ստեղծվում են նոր ռազմաքաղաքական բլոկներ, այստեղ տեղակայվում և տեղակայման են պլանավորվում նոր զինատեսակներ, որոնք սպառնալիքներ են ստեղծում նաև մեր երկրի համար»,- նշել է նա։
Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը չի սպառնում Ճապոնիային, նրա նկատմամբ որևէ հավակնություն չկա։ Ընդ որում՝ Տոկիոն դոկտրինալ փաստաթղթերում առաջին անգամ Մոսկվային դասել է հիմնական սպառնալիքների շարքին։
Պուտինն ուշադրություն է դարձրել, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցության Արկտիկայում, այդ թվում՝ Հյուսիսային ծովային ուղով միջազգային իրավունքի շրջանակներում:
Նա նաև հայտարարել է, որ Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժություններն անհրաժեշտ են նավատորմի մարտունակության պահպանման և անվտանգության ապահովման համար։ Խաղաղօվկիանոսյան նավատորմի մարտիկները լիովին կատարում են իրենց առջև դրված խնդիրները։























































































