Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերություններում Տոկիոյի դիրքորոշումը փոխվել է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի պաշտոնավարման շրջանում երկու երկրների միջև կառուցողական հարաբերություններ էին ձևավորվել։
Պուտինը հայտարարությունն արել է օգոստոսի 12-ին՝ Հարավային Սախալինում անցկացվող զորավարժությունների եզրափակիչ փուլին հետևելիս։ Նա հիշեցրել է, որ 1950-ականների կեսերին ԽՍՀՄ-ը Ճապոնիայի հետ ստորագրել էր հռչակագիր, որը ճանապարհ էր բացում խաղաղության պայմանագրի կնքման համար, սակայն Տոկիոն հետագայում հրաժարվել էր դրանից։
ՌԴ նախագահի խոսքով՝ դրանից հետո Ռուսաստանը, Տոկիոյի խնդրանքով, վերսկսել էր երկխոսությունը՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղիները գտնելու նպատակով։
«Այդ ժամանակ մեզ հաջողվել էր կառուցողական հարաբերություններ ձևավորել ճապոնացի մի շարք ղեկավարների, այդ թվում՝ նախկին վարչապետ Սինձո Աբեի հետ, որը շատ բան արեց Ճապոնիայի և Ռուսաստանի մերձեցման, ինչպես նաև երկու երկրների դիրքորոշումների մոտեցման համար»,– ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ այժմ Մոսկվան տեսնում է Տոկիոյի դիրքորոշման փոփոխություն։
Ռուսաստանի և Ճապոնիայի ղեկավարները 2018 թվականի նոյեմբերի 14-ին Սինգապուրում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել էին արագացնել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը՝ հիմք ընդունելով 1956 թվականի համատեղ հռչակագիրը։
Սակայն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկսվելուց հետո Ճապոնիան մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Ի պատասխան՝ Մոսկվան հայտարարել էր, որ հրաժարվում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակությունից։
Անի Վարդանյան























































































