Գործադիրը պետբյուջեում կատարել է վերաբաշխում՝ 325,000 հազար դրամի չափով՝ կրթական կլաստերների ձևավորման շրջանակներում դպրոցահասակ երեխաների տեղափոխման համար ավտոբուսների ձեռքբերման և դրանք դպրոցականների տեղափոխման տրանսպորտային միջոցների համար սահմանված անվտանգության չափանիշներին հարմարեցման նպատակով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է գումար հատկացնել 5 ավտոբուսի ձեռքբերման համար, որոնք կսպասարկեն 5 կլաստեր:
5 կլաստերները կընտրվեն՝ կախված կլաստեր-կենտրոն հանդիսացող դպրոցի շինարարության ավարտի ժամկետից, միավորվող դպրոցների բնակավայրերի միջև ճանապարհների բարեկարգվածությունից և տեղափոխվող աշակերտների թվից: Ներկայիս 5 ավտոբուսի ձեռքբերումը կլաստերների տրանսպորտային միջոցներով ապահովման 1-ին փուլն է:
Նախատեսվում է ձեռքբերվող ավտոբուսների սպասարկումն իրականացնել կենտրոնացված կարգով, որի ապահովման նպատակով ձևավորվելու է կազմակերպություն, որը կկառավարի երթուղիների նախագծումը, վարորդների հրահանգավորումը, ինչպես նաև կկազմակերպի ավտոբուսների ընթացիկ սպասարկումը, ավտոբուսները հետագայում կամրացվեն վերջինիս: Ձևավորվելիք կազմակերպության պահպանման ծախսերի մասով ներկայումս կատարվում են հաշվարկներ, որոնց հիման վրա 2027թ-ի բյուջետային հայտի շրջանակում կներկայացվի համապատասխան առաջարկ:






















