ArmLur.am-ը ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանի՝ 2021-2025 թվականների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը՝ հասկանալու համար, թե պաշտոնյան տարիների ընթացքում ինչ գույք, եկամուտներ, դրամական միջոցներ և պարտավորություններ է ունեցել։
Նունե Հովհաննիսյանը ԿԸՀ անդամի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականի հունիսի 24-ից, իսկ ԿԸՀ նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի հոկտեմբերի 12-ին։
2021 թվական․ 8.8 մլն դրամ եկամուտ և 1.5 մլն դրամ կանխիկ գումար
Նունե Հովհաննիսյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ այդ տարվա սկզբում նրա անունով անշարժ գույք չի եղել։ Միաժամանակ նա տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել կամ տնօրինել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող մեկ բնակարան ։
Նրա բանկային հաշիվներում տարվա սկզբում եղել է 655 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 479 հազար 741 դրամ։ Կանխիկ գումարը տարվա սկզբում կազմել է 400 հազար դրամ, իսկ տարվա վերջին՝ 1 մլն 500 հազար դրամ։
2021 թվականի ընթացքում Հովհաննիսյանի հայտարարագրած եկամուտը կազմել է 8 մլն 808 հազար 745 դրամ։ Ամբողջ գումարը ստացվել է ԿԸՀ-ից՝ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով։
2022 թվական․ եկամուտը՝ 11.9 մլն դրամ, կանխիկը՝ 2.2 մլն դրամ
2022 թվականի սկզբում և վերջում Հովհաննիսյանի անունով անշարժ գույք չի եղել։ Սակայն հայտարարագրում նշված է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարան, որը նա տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել կամ տնօրինել է։
2022 թվականի սկզբում բանկային հաշվի մնացորդը կազմել է 1 մլն 479 հազար 741 դրամ, իսկ տարեվերջին՝ ընդամենը 100 դրամ։
Կանխիկ գումարը, հակառակը, տարվա ընթացքում ավելացել է․ 1 մլն 500 հազար դրամից հասել է 2 մլն 200 հազար դրամի։
2022 թվականին Հովհաննիսյանի ընդհանուր եկամուտը կազմել է 11 մլն 912 հազար 469 դրամ։ Դրանից 1 մլն դրամը «Ինեկոբանկ»-ից ստացած վարկն է, 10 մլն 658 հազար 904 դրամը՝ ԿԸՀ-ից ստացած աշխատավարձն ու դրան հավասարեցված վճարները, իսկ 253 հազար 565 դրամը՝ ԿԸՀ-ից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով ստացած եկամուտը։
2023 թվական․ հայտնվում է բնակարանը, ստանում է 50 հազար եվրոյի վարկ
2023 թվականը Հովհաննիսյանի հայտարարագրերում առանձնանում է նրանով, որ այդ տարի արդեն նշված է, որ ձեռք է բերել բնակարան Երևանում ։ Բնակարանը նրա միանձնյա սեփականությունն է և ձեռք է բերվել 2023 թվականի հոկտեմբերի 26-ին՝ նվիրատվության եղանակով։
Բացի այդ, 2023 թվականի սկզբում նրա բանկային հաշիվներում առկա է եղել 0 դրամ, 0 եվրո և 100 դրամ, մինչդեռ տարեվերջին մնացորդները կազմել են համապատասխանաբար 940 հազար 371.6 դրամ, 2 հազար 999.88 եվրո և 1 մլն 9 հազար 644.8 դրամ։
Կանխիկ գումարը տարվա սկզբի 2 մլն 200 հազար դրամից տարեվերջին նվազել է մինչև 1 մլն դրամ։
2023 թվականին Նունե Հովհաննիսյանը հայտարարագրել է 44 մլն 963 հազար 329 դրամ ընդհանուր եկամուտ։ Այդ թվում՝ ԿԸՀ-ից ստացած աշխատավարձը կազմել է 20 մլն 587 հազար 450 դրամ, ԿԸՀ-ից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով ստացած եկամուտը՝ 1 մլն 246 հազար 479 դրամ, ԱՊՀ ՄԽՎ Երևանյան մասնաճյուղից՝ 432 հազար 900 դրամ, իսկ ՀՀ պետական կառավարման ակադեմիայից՝ 30 հազար 500 դրամ։
Հայտարարագրում նշված է նաև «Ինեկոբանկ»-ից ստացած 1 մլն 700 հազար դրամ վարկը և «Արարատբանկ»-ից ստացած 50 հազար եվրո վարկը։
2023 թվականի վերջում վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 22 մլն 60 հազար 954.52 դրամ։ Առանձին նշված են եղել 1 մլն 347 հազար 729 դրամ և 49 հազար 397.18 եվրո պարտավորություններ։
2024 թվական․ 17.3 մլն դրամ եկամուտ և 2.9 մլն դրամ կանխիկ
2024 թվականին Նունե Հովհաննիսյանի անունով եղել է նույն բնակարանը, որը ձեռք էր բերվել 2023 թվականին նվիրատվության միջոցով։ Տարվա ընթացքում նոր անշարժ գույք նա չի ձեռք բերել և չի օտարել։
Բանկային հաշիվներում 2024 թվականի սկզբում եղել է 940 հազար 371.6 դրամ, 2 հազար 999.88 եվրո և 1 մլն 9 հազար 644.8 դրամ։ Տարեվերջին մնացորդները կազմել են համապատասխանաբար 671 հազար 989 դրամ, 202 եվրո և 4 հազար 800 դրամ։
Կանխիկ գումարը տարվա սկզբում և վերջում կազմել է 1 մլն դրամ։
Հովհաննիսյանի 2024 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 17 մլն 327 հազար 321 դրամ։ Դրանից 15 մլն 141 հազար 132 դրամը ԿԸՀ-ից ստացած աշխատավարձն ու դրան հավասարեցված վճարումներն են, 186 հազար 189 դրամը՝ ԿԸՀ-ից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով ստացած եկամուտը, իսկ 2 մլն դրամը՝ «Արարատբանկ»-ից ստացած փոխառությունը։
Վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդների մասով հայտարարագրում նշված են 1 մլն 57 հազար 330 դրամ, 46 հազար 638 եվրո և 1 մլն 833 հազար 200 դրամ։ «Ընդամենը» տողում նշված է 23 մլն 522 հազար 248.44 դրամ։
2025 թվական․ 16.9 մլն դրամ եկամուտ
2025 թվականին Հովհաննիսյանի գույքային պատկերը չի փոխվել։ Տարվա սկզբում և վերջում նրա անունով եղել է նույն՝ Երևանում գտնվող բնակարանը, որը ձեռք էր բերվել 2023 թվականին նվիրատվության եղանակով։
Բանկային հաշիվներից մեկում տարվա սկզբում եղել է 671 հազար 989 դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 211 հազար 414 դրամ։ Երկրորդ հաշվին առկա 202 եվրոն տարեվերջին նվազել է մինչև 17 եվրո, իսկ երրորդ հաշվին 4 հազար 800 դրամից մնացել է 3 հազար 600 դրամ։
Կանխիկ գումարը տարվա ընթացքում, սակայն, աճել է՝ 1 մլն դրամից հասնելով 2 մլն 200 հազար դրամի։
Նունե Հովհաննիսյանի 2025 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 16 մլն 988 հազար 54 դրամ։ Դրանից 16 մլն 403 հազար 864 դրամը ԿԸՀ-ից ստացած աշխատանքի վարձատրությունն ու դրան հավասարեցված այլ վճարումներն են, 545 հազար 690 դրամը՝ ԿԸՀ-ից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով ստացած եկամուտը, իսկ 38 հազար 500 դրամը՝ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի Երևանյան մասնաճյուղից ստացած եկամուտը։
Սակայն 2025 թվականի հայտարարագրում ուշադրության է արժանի վարկերի և փոխառությունների բաժինը։ Հայտարարագրում դեկտեմբերի 31-ի դրությամբ որպես ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդ նշված է 43 մլն 221 հազար 360 եվրո, իսկ «Ընդամենը» տողում՝ 18 մլրդ 517 մլն 759 հազար 478.4 դրամ։
Այս տվյալը հատկապես ուշագրավ է նախորդ տարիների համեմատությամբ։ Օրինակ՝ 2024 թվականի վերջում նույն բաժնի «Ընդամենը» ցուցանիշը կազմել էր 23 մլն 522 հազար 248.44 դրամ, իսկ 2023 թվականին՝ 22 մլն 60 հազար 954.52 դրամ։
Հաշվի առնելով նախորդ տարիների ցուցանիշների և 2025 թվականի տվյալների միջև հսկայական տարբերությունը՝ չի բացառվում, որ հայտարարագրում տեխնիկական վրիպակ կամ տվյալների մուտքագրման սխալ է տեղի ունեցել։ Միևնույն ժամանակ, հրապարակված հայտարարագրի տվյալներով՝ այս պահին հենց այդ թիվն է ներկայացված որպես վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդ։

Սոնա Գրիգորյան






















