Օգոստոսի 14-ի գիշերը Ուկրաինան 54 անօդաչու թռչող սարքով հարձակվել է Ռուսաստանի Բալթիկ ծովի խոշորագույն նավահանգիստներից մեկի՝ Ուստ-Լուգայի վրա։ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի խոսքով՝ հարվածների հետևանքով նավահանգստում հրդեհ է բռնկվել, իսկ արտակարգ իրավիճակների ծառայությունները զբաղվել են դրա մարմամբ։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Ուստ-Լուգան Ռուսաստանի համար կարևոր նավթային և վառելիքային արտահանման հանգույց է։ 2025 թվականին նավահանգստով օրական արտահանվել է մոտ 700 հազար բարել նավթ։
Օգոստոսի 14-ի հարձակումը այս տարվա ընթացքում Ուստ-Լուգայի վրա առնվազն վեցերորդ հարվածն է։ Մարտ և ապրիլ ամիսներին նավահանգստի վրա իրականացված հարձակումները վնասել էին նավթային ենթակառուցվածքները և ժամանակավորապես խաթարել արտահանումը։
Վերջին հարվածը տեղի է ունեցել Ուկրաինայի՝ Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքների դեմ իրականացվող ավելի լայն արշավի շրջանակում։ Կիևը թիրախավորում է նավթավերամշակման գործարանները, տերմինալները, խողովակաշարերն ու տանկերները՝ փորձելով նվազեցնել Ռուսաստանի էներգետիկ եկամուտները։




























