Ուկրաինայի պաշտպանության նախարարության և Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) տվյալներով՝ Ուկրաինան վերջին մեկ ամսվա ընթացքում հարվածներ է հասցրել Ռուսաստանի խոշորագույն առցանց առևտրային հարթակներից մեկի՝ Wildberries-ի 10 խոշորագույն լոգիստիկ կենտրոններից 7-ին։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին հարվածի թիրախում եղել է Wildberries-ի ամենամեծ պահեստը՝ Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքի Կոլեդինո արդյունաբերական պարկում գտնվող շուրջ 250 հազար քառակուսի մետր մակերեսով համալիր։ Այն գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 420 կմ հեռավորության վրա։
Wildberries-ը հաստատել է, որ հարվածի հետևանքով պահեստում հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով ընկերությունը ստիպված է եղել փոխել մատակարարման շղթաների ուղղությունները։ Նույն գիշեր ուկրաինական ուժերը հարվածել են նաև մոտակա Դոմոդեդովոյի երկրորդ պահեստին։
Ուկրաինական կողմի այս գործողությունները ցույց են տալիս, որ Կիևը կարողանում է հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին՝ չնայած Մոսկվայի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից անցած ավելի քան չորսուկես տարվան։
Ինչու է Ուկրաինան թիրախավորում Wildberries-ը
Կիևը հարվածները հիմնավորում է նրանով, որ Wildberries-ը, բացի սպառողական ապրանքների մատակարարումից, Ռուսաստանի զինված ուժերին ապահովում է նաև անօդաչու սարքերի բաղադրիչներով և նավիգացիոն սարքավորումներով։
ISW-ի գնահատմամբ՝ ուկրաինական հարվածները ճնշում են Ռուսաստանի տնտեսությունը և միաժամանակ բացահայտում երկրի խորքում գտնվող ենթակառուցվածքների խոցելիությունը։ Ինստիտուտի գնահատմամբ՝ Ռուսաստանը չունի բավարար հակաօդային պաշտպանության միջոցներ՝ երկրի տարածքում գտնվող բոլոր կարևոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ խոշոր առևտրային օբյեկտները, պաշտպանելու համար։
Wildberries-ի դեմ արշավը սկսվել է հուլիսի 18-ի հանգստյան օրերին։ Այդ ժամանակ անօդաչու սարքերով հարվածներ էին հասցվել Մոսկվայից արևելք գտնվող Էլեկտրոստալի և Տամբովի մարզի օբյեկտներին։ Հետագայում հարվածների աշխարհագրությունն ընդլայնվել է՝ հասնելով Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից մինչև Ռուսաստանի հարավ և Ուրալում գտնվող Եկատերինբուրգ, որը Ուկրաինայի տարածքից ավելի քան 2000 կմ հեռավորության վրա է։
Associated Press-ի տվյալներով՝ մինչ այժմ հարվածների է ենթարկվել Wildberries-ի շուրջ 20 օբյեկտ։
Հարվածների տնտեսական հետևանքները
Wildberries-ը հաճախ համեմատվում է Amazon-ի հետ՝ Ռուսաստանի տնտեսության մեջ ունեցած չափի և նշանակության պատճառով։
Ընկերության տարեկան շրջանառությունը գնահատվում է շուրջ 70-75 մլրդ եվրո, ինչը տարբեր գնահատականներով կազմում է Ռուսաստանի ՀՆԱ-ի ավելի քան 2 տոկոսը։
Wildberries-ը սպասարկում է Ռուսաստանի առցանց պատվերների մոտ կեսը և համագործակցում է մի քանի հարյուր հազար վաճառողների հետ՝ երկրի 11 ժամային գոտիներում։ Ընկերության նշանակությունը Ռուսաստանի շուկայում ավելի է մեծացել այն բանից հետո, երբ արևմտյան բազմաթիվ բրենդներ լքեցին ռուսական շուկան։
Ուկրաինացի պաշտոնյաների խոսքով՝ հարվածների նպատակն է խափանել Ռուսաստանի ռազմական մատակարարման ուղիները, մեծացնել հասարակական դժգոհությունը և ֆինանսական ճնշում գործադրել ընկերության վրա։ Նշվում է, որ VTB-ն և Sberbank-ը Wildberries-ին տրամադրել են շուրջ 13 մլրդ եվրոյի վարկեր, իսկ ընկերությունը ներկայումս դժվարություններ ունի դրանք սպասարկելու հարցում։
Անի Վարդանյան




























