ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար։
Ավետիսյանը ծնվել է 1993 թվականի մայիսի 9-ին Երևանում։ Նա ավարտել է Բրյուսելի Athénée royal d’Ixelles միջնակարգ դպրոցը, ապա ուսանել Բրյուսելի ազատ համալսարանում՝ ստանալով քաղաքական գիտությունների բակալավրի և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճաններ՝ անվտանգության, խաղաղության և հակամարտությունների մասնագիտացմամբ։
Նրա աշխատանքային գործունեությունը հիմնականում կապված է միջազգային հարաբերությունների և անվտանգության ոլորտի հետ։ 2020-2022 թվականներին աշխատել է Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանում՝ որպես միջազգային հարցերով խորհրդական։ 2022-2023 թվականներին «Ի գործ» ծրագրի շրջանակում աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչությունում։
2023-2025 թվականներին Ավետիսյանը «Երեք Սի Քընսալթինգ» ՓԲԸ-ում աշխատել է որպես վերլուծաբան՝ զբաղվելով եվրոպական երկրների ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ռազմատնտեսական ոլորտի մշտադիտարկմամբ։ 2026 թվականին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
Օգոստոսի 20-ից նա նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար։
Պաշտոնը թափուր էր մնացել օգոստոսի 17-ից, երբ աշխատանքից ազատվել էր գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանը։
Կադրային փոփոխությունը հաջորդում է նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխությանը․ Արմեն Գրիգորյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։
Վանիկ Ավետիսյանն անկուսակցական է։ Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների։
Սոնա Գրիգորյան























