ArmLur.am-ի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին երկու բարձրաստիճան պաշտոնյա գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ «Թրամփի ուղի» միջազգային խաղաղության և բարգավաճման (TRIPP) նախագծի շրջանակում իրականացվող աշխատանքներին մասնակցելու նպատակով։
ArmLur.am-ի տեղեկություններով օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ Վաշինգտոն են գործուղվելու կառավարության աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Սուջյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այվազյանը։
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների գործուղման նպատակը TRIPP ծրագրի շրջանակներում ԹԻՓՓ զարգացման ընկերության (TRIPP Development Company) կանոնադրական և բաժնետիրական համաձայնագրի շուրջ բանակցությունների նպատակով կառավարության աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ քննարկումների անցկացումն է։
Այսպիսով, փաստաթուղթը ցույց է տալիս, որ «Թրամփի ուղի» ծրագրի շուրջ գործընթացը շարունակվում է ոչ միայն քաղաքական և դիվանագիտական մակարդակներում, այլև բավական կոնկրետ աշխատանքներ են իրականացվում իրավական և կազմակերպչական ուղղություններով։
Հատկանշական է, որ գործուղումը տեղի է ունենալու օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը՝ այսինքն՝ ընդամենը մի քանի օր անց այն ժամանակահատվածից, երբ Հայաստանի կառավարությունը վերջնականապես ձևավորվում է։ Փաստացի, իշխանությունը TRIPP-ի հետ կապված աշխատանքները շարունակում է նաև կառավարության վերակազմավորման և նոր նշանակումների փուլում։
Հիշեցնենք, որ TRIPP-ը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում քննարկվող տարածաշրջանային հաղորդակցային նախագիծ է, որի շուրջ հետագա աշխատանքներում առանձնահատուկ նշանակություն ունեն իրավական, պայմանագրային և ներդրումային հարցերը։ Կառավարության այս որոշումը փաստում է, որ այժմ այդ ուղղությամբ արդեն անցում է կատարվում գործնական բանակցությունների և պայմանագրային գործընթացների։
Սոնա Գրիգորյան




























