Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ում թեժ քննարկումներ են. ի՞նչ է սպասվում աշնանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանության ներսում այս օրերին ակտիվորեն զբաղված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով։

Հայաստանում աշնանը սպասվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բավական ակտիվ փուլ։ ԿԸՀ-ի սահմանած ժամանակացույցով՝ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 25-ին և նոյեմբերի 29-ին։ Առաջին փուլում ընտրություններ են նախատեսված չորս համայնքում, այդ թվում՝ Լոռու մարզի Թումանյան համայնքում:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանական թիմում այս ընտրություններին վերաբերվում են ոչ թե որպես հերթական տեղական ընտրության, այլ որպես ՔՊ-ի քաղաքական ազդեցությունը համայնքներում ամրապնդելու կարևոր փուլ։

ArmLur.am-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին ՔՊ-ում քննարկվում է, թե տարբեր համայնքներում ովքեր են լինելու իշխանության թեկնածուները, ինչպիսի կազմով են ձևավորվելու ընտրական ցուցակները և հատկապես՝ որ թեկնածուներն են ունակ ապահովելու անհրաժեշտ արդյունք։

Ըստ մեր տեղեկությունների՝ թեկնածուների ընտրության հարցում առանցքային դերակատարություն են ունենալու մարզային իշխանության ներկայացուցիչները։ Մարզպետների միջոցով իշխանությունը փորձում է հասկանալ՝ համայնքներում ովքեր են առավել ազդեցիկ, ինչ ռեսուրսներ ունեն և ովքեր կարող են ՔՊ-ի համար ապահովել հաղթանակ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարցը քննարկվում է նաև ՔՊ-ի վարչության մակարդակում, որտեղ պետք է հստակեցվեն ընտրություններին մասնակցելու քաղաքական որոշումները, թեկնածուների և ցուցակների հարցերը։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բավական խիստ պահանջ է դրել՝ ՏԻՄ ընտրություններում հնարավորինս բարձր արդյունք ապահովելու վերաբերյալ։ Այսինքն՝ իշխանությունը մտադիր չէ համայնքներում ընտրական գործընթացը թողնել ինքնահոսի և պատրաստվում է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի թեկնածուների հաղթանակի համար։

Հատկապես ուշադրության կենտրոնում են այն համայնքները, որտեղ ՔՊ-ն նախկինում ունեցել է խնդիրներ կամ որտեղ մրցակցությունը կարող է ավելի կոշտ լինել։

Առաջին լուրջ փորձությունը իշխանության համար լինելու է Թումանյան համայնքը, որտեղ սեպտեմբերի 27-ին անցկացվելու են համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։

Սակայն Թումանյանը, ըստ էության, լինելու է միայն առաջին փուլը։ Աշնանը ընտրություններ են սպասվում տասնյակ համայնքներում, և իշխանության համար սա լինելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո առաջին խոշոր քաղաքական ստուգատեսներից մեկը տեղական մակարդակում։

2026 թվականի աշնանը ՏԻՄ ընտրություններ են նախատեսված 46 համայնքում։ Այդ թվում՝ համամասնական ընտրակարգով ընտրություններ են նախատեսված Թումանյանում, Վանաձորում, Գյումրիում, Կապանում, Իջևանում և այլ համայնքներում։

Այսպիսով, իշխանության համար առաջիկա ամիսները կարող են վերածվել համայնքային իշխանությունը ՔՊ-ի վերահսկողության տակ պահելու կամ ընդլայնելու պայքարի։

Իսկ իշխանական թիմում, մեր տեղեկություններով, արդեն սկսել են հաշվարկել ոչ միայն այն, թե ով պետք է առաջադրվի, այլև՝ ով է իրականում կարողանալու հաղթել։

Թե ինչ թեկնածուների շուրջ է վերջնականապես կանգնելու ՔՊ-ն և ինչ մեխանիզմներով է իշխանությունը պատրաստվում ապահովել ցանկալի արդյունքը, առաջիկայում ավելի հստակ կդառնա։

Սոնա Գրիգորյան




Լրահոս