Armenian text to speach

Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՄԱԿ-ի ներուժը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել կազմակերպության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։

Այս մասին Պուտինը հայտարարել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի ընթացքում՝ «ՇՀԿ+» ձևաչափով հանդիպմանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ընդլայնել ՄԱԿ-ի մարմինների, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի ներկայացվածությունը՝ ներգրավելով Գլոբալ Հարավի և Արևելքի երկրներին։ Պուտինը նաև նշել է, որ կազմակերպությունը պետք է հարմարվի համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ տեղի ունեցող հիմնարար փոփոխություններին։

ՌԴ նախագահի խոսքով՝ ՄԱԿ-ը պետք է շարունակի մնալ տարբեր երկրների շահերի համաձայնեցման գլխավոր մեխանիզմը։

«ՄԱԿ-ի համախմբող և կառուցողական գործունեությունը մեծ պահանջարկ ունի։ ՄԱԿ-ի կանոնադրությունը պետք է շարունակի մնալ միջազգային իրավունքի առանցքային աղբյուրը»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ աշխարհում չկա մեկ այլ կազմակերպություն, որն ունի տարբեր պետությունների շահերը համաձայնեցնելու նույնպիսի մեխանիզմ։

Անի Վարդանյան




Լրահոս