Armenian text to speach

Երասխահունի դպրոցում սեպտեմբերի 1-ին դասեր չեն եղել. վարչապետին են սպասում. ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի մարզի Երասխահունի Մարտիկ Գևորգյանի անվան վերակառուցված դպրոցում սեպտեմբերի 1-ին դասեր չեն անցկացվել։

Դպրոցի աշակերտները այսօր դպրոց չեն գնացել, և ուսումնական տարվա մեկնարկը փաստացի հետաձգվել է մեկ օրով։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ պատճառը ոչ թե ուսումնական գործընթացին առնչվող որևէ խնդիրն է, այլ դպրոցի բացման արարողությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնելու ցանկությունը։ Դպրոցը վերջերս է վերակառուցվել, և որոշվել է, որ այն պետք է պաշտոնապես բացի հենց վարչապետը։

Սակայն Փաշինյանն այսօր Հայաստանում չէ․ նա գտնվում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, որտեղ նախատեսված են նրա մասնակցությամբ և հանդիպումներով պայմանավորված միջոցառումներ։ Արդյունքում, վարչապետի մասնակցությամբ դպրոցի բացումը սեպտեմբերի 1-ին չի կայացել, իսկ աշակերտներին, ըստ մեր տեղեկությունների, հորդորել են այսօր դպրոց չգնալ և ուսումնական գործընթացը սկսել սեպտեմբերի 2-ից։

Այսինքն՝ երեխաների համար ուսումնական տարվա առաջին օրը փաստացի հետաձգվել է մեկ օրով՝ վարչապետի մասնակցությամբ դպրոցի բացման արարողությանը համապատասխանեցնելու համար։

Հատկանշական է, որ սեպտեմբերի 1-ը Հայաստանում դպրոցականների համար ոչ միայն ուսումնական տարվա մեկնարկն է, այլև խորհրդանշական օր, երբ հազարավոր երեխաներ առաջին անգամ են մտնում դպրոց կամ վերադառնում դպրոցական առօրյային։ Եվ այս դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք դպրոցի պաշտոնական բացման արարողությունն իսկապես պետք է առաջնային լիներ երեխաների ուսումնական գործընթացի նկատմամբ։

Եթե դպրոցի շենքը պատրաստ էր ընդունելու աշակերտներին, ապա ինչո՞ւ դասերը չկազմակերպվեցին սեպտեմբերի 1-ից, իսկ բացման պաշտոնական միջոցառումն անցկացվեր մեկ այլ օր։

Սոնա Գրիգորյան




Լրահոս