Երեկ Երևան քաղաքի ավագանին որոշում է ընդունել` քաղաքում տեղադրել ԽՍՀՄ գործիչ Անաստաս Միկոյանի հուշարձանը:
Այս փաստը մեծ դժգոհություն է առաջացրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Որոշման դեմ դժգոհողները հիմնականում բերում են հետևյալ փաստարկը` Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելը նույնն է, ինչ տեղադրել Ստալինի արձանը:
Armlur.am-ի հետ զրույցում պատմաբան Աշոտ Մելիքյանն ասաց, որ եթե այդ տեսանկյունից քննարկենք, ապա Մյասնիկյանի ու Սպանդարյանի արձանները պետք է հանենք:
«Դա սխալ մոտեցում է, պետք է մարդու գործունեությունը գնահատել ամբողջությամբ մեջ: Այն, որ 1937-ի դեպքերին Միկոյանը մասնակցություն ունեցել է, դա ոչ ոք չի հերքում, բայց խոսքն ընդհանուր գործունեության մասին է»,-ասաց պատմաբանը, ապա հավելեց. «Երբ Լորիս Մելիքովի տապանաքարն է տեղադրվում, Լորիս Մելիքովը 1881-ի բռնությունների մեջ մասնակցություն չունի՞»:
Մելքոնյանը հիշեցնում է` Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ տարիներին զբաղեցրել է ամենաբարձր պաշտոնները, չնայած Հայաստանի համար որևէ ակնառու գործունեություն չի ծավալել:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հակառակն է կարծում. ցանկացած մարդու համար հուշարձան տեղադրելիս պետք է գնահատել հայրենիքին մատուցած նրա ծառայությունները: Միկոյանը ծառայություն է մատուցել ռուսական պետությանը: «Նա նաև Ստալինի բանդային գլխավոր դերակատարներից է, ավելին` նա կազմաքանդել է Հայաստանի առաջին հանրապետությունը, մասնավորապես՝ Էնվերի հետ նստած` Հայաստանի խորհրդայնացման ծրագիր է կազմել:
Բոլշևիկների հետ միասին կազմակերպել է Կարսի հանձնումը թուրքերին, կազմակերպել դավադրություն Շահումյանի թիկունքում ազգային զորամասերում»,- հիշեցնում է քաղաքագետը:
Արդյոք այս հուշարձանի տեղադրումը պայմանավորված չէ՞ Հայաստանի` Մաքսային միության անդամակցությամբ: «Մենք մաքսային միություն ենք մտնում տնտեսական համագործակցության համար: Հիմա վաղը, եթե մերձենանք Թուրքիայի հետ, Էնվերի ու Թալեաթի արձաննե՞րն եք դնելու»,- ասաց Շիրինյանը` հավելելով, որ եթե մենք հարգում ենք մեր անկախությունը, ունենք ազգային արժանապատվություն, նման բան չպիտի թույլ տրվի:
Սոնա Դավթյան