Գագիկ Ծառուկյանը Կենտրոն ՔԿՀ-ից գրում է․
«Տեղեկացա, որ Հայաստանի և սփյուռքի տարբեր ոլորտների մոտ վեց տասնյակ հեղինակավոր գործիչներ հանդես են եկել «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե» ստեղծելու նախաձեռնությամբ։
Շնորհակալ եմ բոլորին։ Դժվար է մի քանի բառով նկարագրել անկեղծ մարդկային զգացմունքներս և երախտագիտությունս Ձեր հանդեպ։ Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա։
Միաժամանակ ուզում եմ դիմել Ձեզ մի խնդրանքով, առաջարկով, հորդորով՝ այս կոմիտեի աշխատանքները չսահմանափակել միայն իմ իրավունքների պաշտպանությամբ։
Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին։ Մեկտեղեք Ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար։
Ձեր գործունեությամբ նպաստեք երկրում արդարության և ներքին համերաշխության հաստատմանը։ Մարդու իրավունքների և արդարության համար պայքարը պահանջում է լուրջ ջանքեր և համատեղ աշխատանք։ Սա մեկ կամ մի քանի մարդու ազատության խնդիրը չէ։
Մեր երկիրը իր քաղաքացիների համար պետք է արդարություն, անվտանգություն և պաշտպանություն ապահովի նախ երկրի ներսում, որպեսզի կարողանա պաշտպանել նրանց արտաքին վտանգներից։
Ձեր հեղինակությունը, մարդկային որակները, սկզբունքայնությունը և համատեղ ջանքը շատ բան կարող են փոխել դեպի դրականը։
Եվս մեկ անգամ՝ շնորհակալություն»։


























