Armenian text to speach

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն կքննարկեն Ռուսաստանի հնարավոր հիբրիդային գործողություններին հակազդելու քայլերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այսօր Բրյուսելում կհանդիպեն՝ քննարկելու Եվրոպայում Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համատեղ քայլերը։

Հանդիպումը տեղի է ունենում Գերմանիայի կողմից Լայպցիգի օդանավակայանում օգոստոսի 4-ին տեղի ունեցած անօդաչու թռչող սարքի միջադեպի համար Ռուսաստանին պաշտոնապես պատասխանատու ճանաչելուց հետո։ Գերմանիայի իշխանությունները պնդում են, որ միջադեպը Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային գործողությունների մեթոդներին բնորոշ տարրեր է պարունակել։

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում Ռյուտեի հետ կքննարկի Գերմանիայում տեղի ունեցած միջադեպը, իսկ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպմանը կարող են քննարկվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցեր։

«Հիբրիդային հարձակումները չեն մնա առանց հստակ արձագանքի»,– հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պահպանելու է միասնական դիրքորոշումը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ևս հայտարարել է, որ դաշինքը լիակատար համերաշխություն է հայտնում Գերմանիային։ Նրա խոսքով՝ առկա ապացույցները ցույց են տալիս Ռուսաստանի պատասխանատվությունը, իսկ ՆԱՏՕ-ն շարունակելու է ուժեղացնել դաշնակիցներին ցանկացած սպառնալիքից պաշտպանելու կարողությունները։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հիմքում ընկած գործողությունների միջոցները հայտնի են Ռուսաստանի կողմից նախկինում իրականացված հիբրիդային գործողություններից։ Բեռլինը դրա հիման վրա Ռուսաստանին պատասխանատու է ճանաչել միջադեպի համար։

Գերմանիան արդեն որոշել է փակել Բոննում Ռուսաստանի հյուպատոսությունը, իսկ Բեռլինում Ռուսաստանի տունը նույնպես կփակվի։ Մոսկվան հերքել է Գերմանիայի մեղադրանքները և հայտարարել, որ նոր պատժամիջոցները կարող են հետևանքներ ունենալ։

Օգոստոսի 4-ին Լայպցիգ/Հալլե օդանավակայանի անվտանգության գոտում հայտնաբերվել էր անօդաչու սարք՝ ուկրաինական ռազմական բեռներ տեղափոխող ինքնաթիռի մոտ։ Ավելի ուշ մեկ այլ անօդաչու սարք բախվել էր ինքնաթիռի, ինչի հետևանքով օդանավը չէր կարողացել վայրէջք կատարել։

Միաժամանակ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ավելի արդյունավետ պաշտպանվի հիբրիդային սպառնալիքներից։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում նման միջադեպերի ռիսկն աճում է, և Եվրոպան բավարար միջոցներ չի ձեռնարկում դրանք կանխելու համար։

Գերմանիային աջակցություն են հայտնել նաև Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը, Շվեդիան և Լիտվան։ Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ հայտարարել են, որ Ռուսաստանի կողմից ենթադրյալ հիբրիդային գործողությունները կարժանանան միասնական արձագանքի։

Անի Վարդանյան




Լրահոս