Փաշինյանն ու Պուտինը Բիշքեկում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները, ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի հարցը
Բիշքեկում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը, տնտեսական համագործակցությունը, Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացը և ԵԱՏՄ-ում Հայաստանի հետագա մասնակցության հարցը։
Հանդիպման սկզբում Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Հայաստանի հետ բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին՝ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների սկզբունքների հիման վրա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է՝ շուրջ 30 տոկոս մասնաբաժնով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 2,5 մլրդ դոլար։
Պուտինը հատուկ անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հայտարարված մտադրությանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և հայ ժողովուրդն իրավունք ունի որոշելու երկրի զարգացման ուղղությունը։
Սակայն, ըստ նրա, ԵՄ-ին Հայաստանի ձգտումը կարող է խնդիրներ առաջացնել ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության և գործող առևտրատնտեսական կապերի համար։
Պուտինը նաև նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ հստակություն մտցնել Հայաստանի հետագա քաղաքական-տնտեսական ուղղության վերաբերյալ։
ՌԴ նախագահը նաև ներկայացրել է ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի տնտեսական կապերի վերաբերյալ իր գնահատականը։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին ավելի քան տասը տարի մասնակցելու ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10,6 մլրդ դոլարից մինչև 29,2 մլրդ դոլար, իսկ ԵԱՏՄ երկրներ արտահանումը աճել է տասն անգամ։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մեջ։
Միաժամանակ վարչապետը նշել է, որ վերջին տարիներին տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, և Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններին անհրաժեշտ է նայել «թարմ հայացքով»՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանում այժմ խաղաղություն է հաստատվել։
ԵՄ-ին անդամակցության գործընթացի վերաբերյալ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը նախորդ տարի ընդունել է ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, սակայն Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում գործող պայմանագրերի ուսումնասիրության արդյունքում որևէ խախտում չի արձանագրվել։
Վարչապետի խոսքով՝ այս պահին Հայաստանը Ռուսաստանին և ԵԱՏՄ գործընկերներին չի տեղեկացրել միությունից դուրս գալու մտադրության մասին։Փաշինյանը նաև ընդգծել է, որ ԵՄ-ի ուղղությամբ գործընթացը չի նշանակում Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի դեմ ուղղված քայլ։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է ունենալ այլընտրանքներ, հատկապես բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման պայմաններում, և միաժամանակ պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակը։Այս հարցում, սակայն, Փաշինյանի և Պուտինի դիրքորոշումները ամբողջությամբ չեն համընկել։
Պուտինը նշել է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումն, իր գնահատմամբ, ըստ էության, նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն, քանի որ երկու տնտեսական կազմակերպություններին միաժամանակ անդամակցելը անհամատեղելի է։Փաշինյանն էլ հակադարձել է, որ Հայաստանը հասկանում է՝ ժամանակի ընթացքում կարող է անհրաժեշտ լինել հստակ ընտրություն կատարել, սակայն այդ պահը, իր գնահատմամբ, դեռ չի հասունացել։Վարչապետը նշել է, որ այս պահին իրական այլընտրանքը դեռ ձևավորված չէ, իսկ դրա ստեղծման դեպքում Հայաստանը ընտրություն կկատարի՝ հանրաքվեի միջոցով կամ առանց հանրաքվեի։
Պուտինը, իր հերթին, նշել է, որ եթե խոսքը ժողովրդի ընտրության հնարավորության մասին է, ապա այդ հնարավորությունը պետք է ստեղծել և հարցը լուծել՝ քաղաքացիներին ուղղակիորեն դիմելով։
Այսպիսով, Փաշինյան–Պուտին հանդիպման առանցքային թեմաներից մեկը դարձավ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը։
Կողմերը միաժամանակ վերահաստատեցին հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու շահագրգռվածությունը, սակայն ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման և ԵԱՏՄ-ում հետագա մասնակցության հարցում նրանց մոտեցումների միջև պահպանվեց էական տարբերություն։
Անի Վարդանյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























