Armenian text to speach

ԿԳՄՍ և Էկոնոմիկայի նորանշանակ փոխնախարարները ամուսիններ են․ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կայացրած կադրային որոշումների մեջ ուշագրավ հանգամանք կա․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը և Էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալ Տիգրան Գասպարյանը ամուսիններ են։

Այսինքն՝ կառավարության երկու տարբեր գերատեսչություններում փոխնախարարի պաշտոններ այսօր ստացած երկու անձինք ոչ միայն մասնագիտական և կրթական ընդհանուր ուղի ունեն, այլև ընտանիքի անդամներ են։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինա Թաթարյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, իսկ Տիգրան Գասպարյանը՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երկու նորանշանակ պաշտոնյաներն էլ ընդգրկված են եղել կառավարության կողմից ձևավորված կադրային բանկի հայտատուների ցանկում։ Նրանք ունեն կրթական և մասնագիտական բավականին հարուստ փորձ և կրթություն են ստացել նաև արտասահմանյան առաջատար բուհերում։

Հատկանշական է, որ իշխանությունը վերջին շրջանում ակտիվորեն խոսում է պետական կառավարման համակարգը նոր կադրերով համալրելու, մասնագիտական կարողությունների վրա հիմնված ընտրության և կադրային բանկի միջոցով պետական համակարգ ներգրավվող մասնագետների մասին։

Այս համատեքստում հետաքրքիր է նաև այն փաստը, որ նույն օրը երկու տարբեր նախարարություններում փոխնախարարների պաշտոններում հայտնվում են ամուսիններ։

Իհարկե, ամուսինների՝ պետական համակարգում աշխատելու հանգամանքն ինքնին որևէ իրավական խախտում չի նշանակում։ Սակայն նման նշանակումները բնականաբար հարցեր են առաջացնում՝ հատկապես այն դեպքում, երբ խոսքը կառավարության տարբեր ոլորտների առանցքային պաշտոնների մասին է։

Մնում է հետևել, թե ինչ դերակատարում կունենան Քրիստինա Թաթարյանն ու Տիգրան Գասպարյանը իրենց նոր պաշտոններում, և արդյոք կառավարության կողմից վերջին շրջանում շեշտվող «կադրային բանկի» մեխանիզմը հետագայում ևս նման ընտանեկան զուգադիպություններով կուղեկցվի։

Սոնա Գրիգորյան




Լրահոս