Armenian text to speach

Ի՞նչ ունեցվածք ունի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վիլեն Արևշատյանը․ 22 մլն դրամ և 98 հազար դոլար կանխիկ և 41 մլն դրամի վարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը ներկայում զբաղեցնում է Վիլեն Արևշատյանը, նա երկար տարիներ աշխատել է Երևանի քաղաքապետարանում։ ArmLur.am-ը ուսումնասիրել է նրա անցած ուղին և հայտարարագիրը,պարզելու համար,  թե ինչ ունեցվածք և ֆինանսական միջոցներ ունի պաշտոնյան։

Վիլեն Արևշատյանը 2000-2001 թվականներին աշխատել է «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ-ում։

Նրա հետագա աշխատանքային գործունեությունը հիմնականում կապված է եղել Երևանի տեղական ինքնակառավարման համակարգի հետ։ 2002 թվականին ընտրվել է Երևանի Կենտրոն համայնքի ավագանու անդամ, ապա 2005 և 2008 թվականներին վերընտրվել է։ 2009-2011 թվականներին եղել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի վարչության պետը։
2012-2024 թվականներին Արևշատյանը զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ-գլխավոր ֆինանսիստի պաշտոնը։ 2024 թվականի մայիսին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին՝ աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար։

Իսկ ի՞նչ է ցույց տալիս նրա հայտարարագիրը։
Վիլեն Արևշատյանի հայտարարագրից պարզ է դառնում, որ 2025 թվականի սկզբում և վերջում նրա անունով անշարժ գույք չի եղել։ Տարվա ընթացքում նույնպես անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման մասին տվյալներ չեն ներկայացվել։

Փոխարենը պաշտոնյան ունի երկու ավտոմեքենա՝ 2018 թվականի արտադրության Tesla և 2005 թվականի արտադրության Mercedes-Benz։ Tesla-ն նա ստացել է 2023 թվականի օգոստոսի 23-ին՝ նվիրատվության եղանակով, իսկ Mercedes-Benz-ը ձեռք է բերել 2014 թվականի փետրվարի 18-ին՝ գնման միջոցով։
Բանկային հաշիվներում տարվա սկզբում պաշտոնյան ունեցել է 0 և 457 հազար 948 դրամ, իսկ տարեվերջին՝ համապատասխանաբար 3 մլն 600 հազար և 935 հազար դրամ։


Ավելի ուշագրավ է կանխիկ միջոցների պատկերը։ Տարվա սկզբում Արևշատյանը հայտարարագրել է 16 մլն 500 հազար դրամ և 98 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար։ Տարվա վերջում դրամային կանխիկը հասել է 22 մլն դրամի, իսկ դոլարային միջոցը մնացել է նույնը՝ 98 հազար դոլար։

Այսինքն՝ տարվա ընթացքում նրա հայտարարագրած դրամային կանխիկ միջոցներն ավելացել են 5 մլն 500 հազար դրամով։
Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա 2025 թվականին Վիլեն Արևշատյանը ստացել է ընդհանուր 22 մլն 873 հազար 242 դրամ։ Դրանից 19 մլն 194 հազար 271 դրամը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունն է, իսկ 3 մլն 678 հազար 971 դրամը՝ եկամտային հարկի վերադարձը։


Բացի այդ, հայտարարագրում առկա է 41 մլն 16 հազար 44.8 դրամի վարկային պարտավորություն, որի դեպքում որպես հիպոտեքի առարկա նշված է բնակարան։


Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վիլեն Արևշատյանի 2025 թվականի հայտարարագրում անշարժ գույք չի նշվում, սակայն նա ունի երկու ավտոմեքենա, , 22 մլն դրամ և 98 հազար դոլար կանխիկ գումար, ինչպես նաև ավելի քան 41 մլն դրամի վարկային պարտավորություն։
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պաշտոնատար անձանց հայտարարագրերը՝ հանրությանը ներկայացնելով նրանց ունեցվածքի, եկամուտների և ֆինանսական պարտավորությունների պատկերը։

 

Սոնա Գրիգորյան




Լրահոս