Այս անգամ ArmLur.am-ը ուսումնասիրել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ունեցվածքը։
Դավիթ Ղուլունցը Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի սեպտեմբերի 24-ից։ Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին և տարեվերջին Ղուլունցի անունով առկա է եղել երեք անշարժ գույք։ Դրանցից երկուսը համատեղ սեփականությամբ են՝ Տեղում գտնվող հողամասը, որը ձեռք է բերվել 2010 թվականին, և Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող բնակարանը, որը ձեռք է բերվել 2014 թվականին։ Երրորդը Տեղ համայնքում գտնվող հողամաս է, որը միանձնյա սեփականությամբ ձեռք է բերվել դեռևս 2002 թվականին։
2025 թվականի ընթացքում նոր անշարժ գույք Ղուլունցը չի ձեռք բերել, ինչպես նաև գույք չի օտարել։
Տրանսպորտային միջոցների մասով հայտարարագրում նշված է չորս ավտոմեքենա։ Ղուլունցն ունի 2010 թվականի Opel, 2019 թվականի Toyota, ինչպես նաև 2003 և 2001 թվականների արտադրության երկու Ford բեռնատար ավտոմեքենա։
2025 թվականին նոր տրանսպորտային միջոց նույնպես չի ձեռք բերվել, իսկ առկա մեքենաներից որևէ մեկը չի օտարվել։
Բանկային ավանդների մասով հայտարարագրում նշված է 30 մլն դրամ։ Այդ գումարի չափը տարվա սկզբի և վերջի դրությամբ նույնն է եղել։
Ղուլունցի հայտարարագրած կանխիկ դրամը տարվա սկզբում կազմել է 1 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 2 մլն 530 հազար դրամ։
2025 թվականի ընթացքում Դավիթ Ղուլունցը որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ հայտարարագրել է 4 մլն 369 հազար 414 դրամ եկամուտ։ Հայտարարագրում առանձին նշված է նաև 4 մլն 900 հազար դրամ բնամթերային ձևով ստացված եկամուտ։
Հայտարարագրից պարզ է դառնում նաև, որ Ղուլունցի ընտանիքի անդամ Դիանա Ղուլունցը «ԷՆԵՐԳԵՍ» ընկերությունում ունի 33 տոկոս մասնակցություն, որը ձեռք է բերվել 2021 թվականի սեպտեմբերի 3-ին։
Այսպիսով, Դավիթ Ղուլունցի 2025 թվականի հայտարարագրում առկա են 3 անշարժ գույք, 4 ավտոմեքենա, 30 մլն դրամի բանկային ավանդ և 2.53 մլն դրամ կանխիկ միջոցներ, իսկ տարվա ընթացքում հայտարարագրված աշխատանքի եկամուտը կազմել է ավելի քան 4.3 մլն դրամ։
Սոնա Գրիգորյան




























